Radar Armenia-ի գրավոր հարցերին պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոն՝ անդրադառնալով Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցչության հաստատմանը Հայաստանում։
- Կարո՞ղ եք հստակ ժամկետներ նշել, թե երբ է բացվելու Ֆրանսիական զարգացման գործակալության մասնաճյուղը Հայաստանում։
- ՖԶԳ-ի գործունեությունը Հայաստանում սկսվել է 2012 թվականին և համակարգվում է Թբիլիսիում տեղակայված Հարավային Կովկասի տարածաշրջանային գործակալության կողմից: 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Երևանում մշտական ներկայացուցչի ներկայությունն ամրապնդել է տեղում ՖԶԳ-ի գործունեության իրականացումն ու մշտադիտարկումը։ 2022 թվականի մարտին ուժի մեջ է մտել ՖԶԳ-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որը սահմանում է երկրում ՖԶԳ խմբի գործունեության իրավական դաշտը։
- Ի՞նչ ոլորտային համագործակցություն է նախատեսվում։
- ՖԶԳ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը ջրի և ոռոգման, գյուղական շրջանների զարգացման, էներգետիկայի, էներգաարդյունավետության և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում իր առաջնահերթությունների իրականացման հարցում: Մասնավոր հատվածին նվիրված «Պրոպարկո» (Proparco) դուստր ձեռնարկությունն աջակցում է ՀՀ ֆինանսական ոլորտին՝ ի թիվս բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների, թիրախավորելով մասնավորապես ՓՄՁ-ներին և ֆերմերներին, ինչպես նաև արտադրական և ագրոպարենային համակարգի ձեռնարկություններին: «Expertise France»-ը` ՖԶԳ խմբի տեխնիկական համագործակցության գործակալությունը, համագործակցում է Հայաստանի հետ կառավարման համակարգի բարելավման նպատակով:
- Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալություն միջև կնքված վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությունն արդեն դիմե՞լ է վարկային միջոցներից օգտվելու համար։ Եթե այո, որքա՞ն վարկ է տրամադրվել։
- Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրվել է 100 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցություն։ Ասիական զարգացման բանկի հետ համաֆինանսավորվող բազմամյա ծրագրի առաջին փուլը՝ վարկը, հնարավորություն կտա ամրապնդել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և զարգացնել դրամի և արժեթղթերի շուկաների ենթակառուցվածքը՝ միաժամանակ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության մարտահրավերները՝ կանաչ տնտեսությանն անցնելուն ուղղված ռազմավարական շրջանակի մշակման միջոցով։ Այս առաջին փուլն այժմ ավարտված է: Ընդհանուր նպատակն է աջակցել կայուն և ներառական աճին և Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանը:
Հայկ Մագոյան