Երկու օր է՝ խորհրդարանական ընդդիմությունը, նաև՝ ՀՀԿ-ականներն ակտիվ քննադատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Էրդողանին, նաև՝ փրկարարներ են ուղարկել այդ երկիր։ Մինչդեռ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում տարբեր ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բազմիցս ցավակցել է Թուրքիայի նախագահին։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե պաշտոնավարման տարիներին Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը քանի անգամ է ցավակցել Թուրքիայի նախագահին։
Եվ այսպես՝ 2010թ․ մարտի 5-ին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը 2014 թվականի մայիսի 15-ին ևս ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ էին զոհվել:
2015 թվականի հուլիսի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Նույն տարում՝ 2015-ի հոկտեմբերի 10-ին, Ս. Սարգսյանը ևս մեկ ցավակցական հեռագիր է հղում Էրդողանին՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ դարձավ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկ այլ ցավակցական հեռագիր էլ հղել է 2016 թվականի հունիսի 28-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ:
Հայկ Մագոյան