ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու, երբ դատարանը վճիռ կայացնի՝ հաշվի առնելով նաև Սեյրան Օհանյանին առնչվող գործի վաղեմության ժամկետի հանգամանքը։
ՀՀ գլխավոր դատախազը պարզաբանեց՝ նման դեպքերում, համաձայն օրենսդրության, կայացվում է դատավճիռ՝ առանց պատժի նշանակման. «Դա դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջն է»,- ասաց նա։
Սակայն Վարդապետյանը հիշեցրեց, որ եթե նկատեն դատախազության վերջին 4 ամսվա աշխատանքը, ապա հասկանալի կդառնա, որ դատախազությունը միայն քրեական վարույթով չի սահմանափակվում և յուրաքանչյուր նման դեպքում զուգահեռ դատարան է ներկայացվում նաև պետական շահերի պաշտպանության հայց. «Նպատակը ոչ միայն պատիժն է, այլ և պետության և հանրային, ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձն է»։
Դատախազը նաև նշեց, որ վարույթներում կարող են լինել նաև փողերի լվացման դեպքեր, և նման պարագայում այդ գումարը ենթակա է բռնագանձման։ Ըստ նրա՝ դատախազությունը հանրային ռեսուրս է վատնում նախաքննություն իրականացնելով, և արդյունքում ակնկալում են, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստության բալանս։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը, որի օրակարգում է պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը: