Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի լիազորությամբ զորամասը անհամեմատ էժան գնով վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատախազից հետաքրքրվեց՝ կա՞ բացատրություն, թե ինչու է զորամասի տարածքը հանձնվել երրորդ մեկին և դրանից հետո գրավադրվել բանկում։
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել. «Հիմնական բացատրությունը, որը, որպես իրավաբան, ինձ համար հասկանալի է այս սխեմայի մեջ, այն է, որ երրորդ անձի անունով գույքը գրանցելն ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, այսինքն՝ ցույց չտալ, թե ում է օտարվում տարածքը։ Հետագայում, իհարկե, բանկում գրավադրումը և շահառուին վերհանելը, ով ստացել է բանկից գումար, մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը։ Պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել։ Բացատրությունները խիստ անորոշ են, ինչպես տվյալ իրավիճակում կարող էր ակնկալվել։ Հատկապես, որ հողային օրենսգրքի ուղիղ պահանջ կա՝ տվյալ տարածքները չօտարելու։ Այսինքն, օտարման ուղիղ արգելք ունենալու վերաբերյալ»,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ այստեղ նույնիսկ հակասության մասին խոսք լինել չէր կարող, կարող էին և օտարվել, կարող էին և չօտարվել՝ օգտվելով բանակի համար լավագույն շահի տեսանկյունից։
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ հիմնավորման փորձեր եղել են առ այն, որ այն ծախսատար էր, այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէր, այդքան ստորաբաժանումներ չկային՝ տեղավորելու այդ զորանոցներում, բայց դրանց որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել, և նախաքննությանը չեն էլ ներկայացրել։
Արձագանքի ժամանակ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ զորամասը վերածել են գումարի, և բացատրություն չկա, թե ինչի համար է դա արվել։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը: