Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի հուլիսի 11-ի 34 և 35 որոշումներով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ՊՆ-ին են տրամադրվել Արմաշի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը: