Քաղաքական

Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի,  ԱԺ նախագահի,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ  պաշտոնատար անձանց հետ: 

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին: Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:

Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Խորվաթիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ այդ թվում ԵՄ շրջանակներում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է 4 փաստաթուղթ: