Քաղաքական

Ընդդիմությունը կբոյկոտի ԱԺ վաղվա նիստը

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վաղը կբոյկոտեն ԱԺ աշխատանքը և չեն մասնակցի հերթական նիստին։

Վաղը խորհրդարանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդությունների հիման վրա կքննարկի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալու հարցը։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ հանրությունը և զլմ-ները ծանոթ են Օհանյանի ուղերձին, որտեղ նա կոչ է անում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին՝ մաս չկազմել այն «շոուին, որին պատրաստվում են իշխանական պատգամավորները»․ «Մենք այդ նիստին չենք մասնակցելու՝ շեշտելով այն հիմնավորումները, որոնք երևում են պարոն Օհանյանի ուղերձում»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց՝ իրենց խմբակցությունը այսպիսի դեպքերում հաշվի առնում է գործընկեր խմբակցության մոտեցումները և շարժվում համերաշխության սկզբունքով՝ նկատի ունենալով, որ քննարկումը կոնկրետ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին է վերաբերվում:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր կոչով դիմել էր «Հայաստան», «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորներին՝ հորդորելով չմասնակցել իշխանության «էժանագին ներկայացմանը»: 

Հայկ Մագոյան