Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։
-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ նախկինում էլ Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները, ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Ռուսաստանը Հայաստանին նախապատրաստում է հերթական ցավոտ զիջումների։ Եվ դրա համար բացում է բոլոր խաղաքարտերը և հանրայնացնում բանակցային գործընթացի մանրամասները, որոնք քաղաքական էլիտան տասնամյակներ շարունակ թաքուն է պահել ժողովրդից կամ փորձ է արել հանրային կարծիքը մանիպուլացնել։ Ըստ էության, 2018 թվականից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ծանր բանակցային ժառանգություն ստանալու մասին, խոսքը հենց այս պարտվողական պայմանավորվածությունների մասին էր։ Սակայն շուրջ 20 տարի նախկին իշխանությունները՝ թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, համաձայնություն են տվել այդ պայմանավորվածություններին։ Ըստ էության, Լավրովը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը տեսնում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունների հետագա սերտացման մեջ։ Փաստացի, այսօր Հայաստանն իր համար ռազմավարական կարևորություն չի ներկայացնում և ավելի շատ սակարկության առարկա է թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Լավրովը այս «կրակոցով» նաև փորձում է խառնել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Բայց դա չէ կարևորը, այլ Հայաստանից հետագա զիջումներ կորզելու համար հանրային կարծիք նախապատրաստելը։ Լավրովը փորձ է անում Հայաստանի բոլոր տարիների կառավարություններին և Հայաստանը ներկայացնել իբրև չկայացած քաղաքական միավոր՝ լուզեր, պարտված կողմ, որից կարելի է կորզել ցանկացած բան, հատկապես՝ պատերազմից հետո։ ՌԴ բարձրագույն ղեկավարության անունից նման գործողություններ իրականացնելով՝ Լավրովը ցուցանում է Ռուսաստանի ոչ դաշնակցային, ոչ բարեկամական պահվածքը Հայաստանի նկատմամբ։
-ՌԴ ԱԳ նախարարը նաև ասաց, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղիներ գտնելու հարցում: Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, դեռ ունա՞կ է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել։
-Ակնհայտ է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Հայաստանում տեղակայելու միայն մեկ տարբերակ ունի՝ հրահրել հայ-ադրբեջանական նոր պատերազմ, որտեղ Հայաստանը ՌԴ-ի հաշվարկներով պարտություն կկրի, և, որպես պարտված կողմ, Հայաստանի «վզին փաթաթել» ՀԱՊԿ-ի ներկայությունը, որն ավելի շատ լինելու է օկուպացիոն զորք, քան խաղաղապահ զինված կոնտինգենտ։ Ինչպես Ալիևը բազմիցս նշել է՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը, և, ցավոք սրտի, նա ճիշտ է։ Լավրովը ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության մասին խոսելիս շարունակում է խուսափել Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատական տալուց։ Ավելին, իր ամբողջ խոսույթը Կիսելյովի հետ վերջին հարցազրույցում ավելի շատ Ադրբեջանին արդարացնելու, Ադրբեջանի պայքարը լեգիտիմացնելու փորձ էր։ Ուստի և շարունակվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի խնդրանք-պահանջի անտեսումը՝ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական տալ թե անձամբ, թե ՀԱՊԿ-ի մակարդակում։ Սա չի արվում, և այս համատեքստում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի օգտակար գործողությունների գործակիցը Հայաստանի հանդեպ զրո է, և այդ մակարդակից բարձրանալու որևէ ներուժ չկա։ Ավելին, հաշվի առնելով ՀԱՊԿ-ի կազմը և այդ կառույցի անդամ պետությունների փոխհարաբերությունների մակարդակը Հայաստանի հետ, շահերի ընդհանրությունները Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը գնալով ավելի վտանգավոր միավոր է դառնում Հայաստանի համար։ Ակնհայտ է՝ եթե ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սուվերեն սահմանները, ապա վերջինս գալու է՝ ոչ թե մոնիտորինգ իրականացնի խաղաղության պահպանման նկատմամբ, կամ էլ սահմանային պարեկության, այլ պարզապես զրկելու է Հայաստանին որևէ աշխարհաքաղաքական մանևրից և փաստացի դառնալու է Ռուսաստանի կողմից Հայաստանն օկուպացնելու ինստիտուցիոնալ գործիք։ Այս համատեքստում ՀԱՊԿ-ից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ, և ամեն ինչ պետք է անել, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը որևէ կերպ մուտք չգործի Հայաստան։
-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսումը․ ո՞ւմ մոդերատորության ներքո։
-Տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ բանակցություն չի սպասվում։ Կողմերը գտնվում են լուռ դիմակայության՝ դիվանագիտական պատերազմի ռեժիմում, որը վարվում է միջազգային կազմակերպություններում՝ արդեն իսկ արդարադատության միջազգային դատարանում, ռազմատեխնիկական ոլորտում։ Եվ կողմերը շարունակում են զինվել։ Ինչպես նաև անվտանգության ներ երաշխիքներ փնտրելու՝ Հայաստանի վարվելակերպը ցույց է տալիս, որ առաջիկայում որևէ խաղաղ գործընթաց չի կարող սկզբնավորվել։ Պատճառը այն է, որ Ադրբեջանը լիովին ապավինում է ռուս-թուրքական աջակցությանն՝ ընդդեմ Հայաստանի։ Ռուսաստանն իր տնտեսա-քաղաքական վիճակը հաշվի առնելով՝ ապավինում է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությանը և պատրաստ է Հայաստանի մասով նրանց ցանկացած քմահաճույք գործնականում բավարարել։ Թուրքիան և Ադրբեջանն ունեն աշխարհաքաղաքական թուրանյան մեծ նկրտումներ, Հայաստանի հարավի նկատմամբ ուղիղ պրետենզիաներ են ներկայացնում։ Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի շահերը կարճաժամկետ հեռանկարում համընկնում են։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ շանս չունի Հայաստանի հետ խաղաղ և կառուցողական երկխոսություն սկսելու համար, քանի դեռ ուժային սցենարը սատարում է գտնում տարածաշրջանային գերտերությունների՝ ՌԴ-ի, և չի բացառվում՝ նաև Թուրքիայի կողմից։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ 2023 թվականն անցնելու է լուռ կամ դիվանագիտական դիմակայության, դիվանագիտական պատերազմի նշանաբանով, եթե, իհարկե, Ադրբեջանը չստանա ռազմական սրացման գնալու ինդուլգենցիա ՌԴ-ի և Թուրքիայի կողմից։ Նման սցենարի հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի վիճակից, որն, ըստ փորձագետների, ավելի պետք է վատթարանա, բայց անկանխատեսելի զարգացումները ևս չեն բացառվում։
Հայկ Մագոյան