Քաղաքական

«Անկարան «3+3»-ը փորձում է փոխարինել «Տրանս Կովկաս»-ով, որտեղ բացակա է Ռուսաստանը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները։ Ձեր կարծիքով՝ սրանով ի՞նչ է փորձում հասկացնել ՌԴ-ն։

-Լավրովը այստեղ խոսում է «լավրովյան» կամ կազանյան պլանի մասին. Մոսկվան սրա մասին մի քանի անգամ արդեն ակնարկել է թե նախագահի, թե արտգործնախարարի բերանով։ Փորձենք ընկալել՝ ռուսական հայեցակետից ինչ է ուզում ասել բարձրաստիճան պաշտոնյան։ Երբ մատնանշում է 7 շրջանները, դա նշանակում է, որ առանձնացնում է ԼՂԻՄ-ը, որտեղ իր երաշխավորությունն է և իր խաղաղապահ առաքելությունը։ Լավրովը, սակայն, ակնարկ չի արել Շուշիի և Հադրութի մասին, որոնք չեն մտնում 7 շրջանների մեջ։ 7 շրջանների նշումից ավելի, կարծում եմ, բուն մտահոգիչը Շուշիի և Հադրութի շրջանցումն է։

-Նա մատնանշել է պրահյան պայմանավորվածությունները՝ ասելով, որ սա դժվարացնում է գործընթացը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։

-Պրահյան գործընթացի հանգուցալուծման գործընթացը խոչընդոտելը տեղավորվում է միջնորդական հակամարտության մեջ։ Այս միտքը տարբեր բանաձևումներով միշտ շարունակում է հնչել։ Մոսկվան պարզ տեքստով ասում է, որ բացառապես իր միջնորդությամբ կարելի կլինի լուծել խնդիրները։

-ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղիներ գտնելու հարցում: Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, դեռ ունա՞կ է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել։

-Այո, նույնն է տրամաբանությունը։ Ռուսական ուժեր՝ Արցախ-Ադրբեջան սահմաններին, ՀԱՊԿ ուժեր՝ Հայաստան-Ադրբեջան սահմաններին։ Սա է հարցերի լուծման մոսկովյան բանալին։ ՀԱՊԿ-ի կենսունակությունը կամ անգործունակությունը քաղաքական որոշումներից է բխում։ ՀԱՊԿ-ի՝ սեպտեմբերյան ներխուժմանը քաղաքական գնահատական չտալը ելնում է միջնորդի դերի պահպանման և հավաքական Արևմուտքի թափանցման արգելակման մոտեցումներից։ Երբ Ղազախստանին էր վերաբերում, ՀԱՊԿ-ը կենսունակ էր, երբ Հայաստանին՝ ոչ։

-Տարածաշրջանում լարվածությունը գնալով ավելի է խորանում։ Ձեր տպավորությամբ՝ Իրան-Ադրբեջան հակամարտությունն ի՞նչ զարգացումներ կունենա, և այս համատեքստում ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը։

-Շատ սուր և միաժամանակ նուրբ խնդիր է։ Իրանը սանձում է թուրք-ադրբեջանական նախագիծը՝ «զանգեզուրյան միջանցք»-ի առումով։ Միաժամանակ, Արևմուտքի հետ դանդաղ բանակցելով՝ Թեհրանը աշխատում է ապաշրջափակվել, որի համար կենսաճանապարհի է վերածվում Պարսից ծոց-Սև ծով ցամաքային տարանցիկության նախագիծը, որը մտնում է նախապատրաստական փուլ։ Իսկ անվտանգային առումով Ադրբեջանը վերածվում է իսրայելյան ռազմահենակետեր տրամադրող միջավայրի, ինչը սպառնալիք է Իրանին։ Չի բացառվում, որ Իսրայելը փորձի սահմանափակ պրոկսի պատերազմ մղել Իրանի դեմ։ Սպահանի ռազմագործարանին անօդաչու սարքերով հարվածելը դրա նախադրյալն է։

Անկարան Տրանս-Կովկաս ծրագիրն է առաջ նետում՝ փորձելով ներգրավել Իրանին այնպիսի նախագծի, որին մաս են կազմելու Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Չավուշօղլուն ասում է, որ այս նախագիծը կարող է լինել քառակողմ՝ չորրորդը նկատի ունենալով Իրանին, և հավելում, որ եթե Հայաստանը ցանկանա, կարող է մաս կազմել այս ծրագրին։ Սա, ըստ էության, փոխարինում է «3+3»-ին, որը չի աշխատում, մեկ կարևոր տարբերությամբ՝ Տրանս-Կովկասում Ռուսաստանը բացակայում է։

Իրանին առաջարկում են ներգրավվել, որպեսզի Տրանս Կովկասին ներառվի Պարսից ծոց-Սև ծով  հաղորդակցուղին։ Իսկ Հայաստանին, որպեսզի աշխատացնեն իրենց պատկերացումով «զանգեզուրյան միջանցք»-ը։

Հայկ Մագոյան