Ադրբեջանի հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից, Հաագայում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատավարական լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մենք տեսել ենք այս հայելային արտացոլման մարտավարությունը սույն դատարանում տեղի ունեցող զուգահեռ մյուս վարույթի բոլոր փուլերում։ Ադրբեջանը հիմա էլ փորձում է համարժեքության կեղծ տպավորություն առաջացնել։ Մասնավորապես, միջանկյալ միջոցների կիրառության մասին Ադրբեջանի այդ միջնորդությունը, ըստ էության, որևէ իմաստային տարբերություն չունի այն միջնորդությունից, որն այս դատարանը մերժեց մոտ մեկ տարի առաջ։ Ավելին, Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդության ներկայացումից ընդամենը 6 օր անց՝ չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ էր»,- ասաց Կիրակոսյանը։
ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ը, որից Ադրբեջանը պահանջել էր վերանայել իր ավելի վաղ կայացրած որոշումը, մերժել է միջանկյալ միջոցների վերաբերյալ միջնորդությունը, որն Ադրբեջանը ներկայացրել էր Հայաստանի կողմից իբրև ականներ տեղադրելու ապացույցներ։
«Հայաստանն իր ինքնիշխան տարածում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով։ Հայաստանը դա արել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվողագրեսիայի գործողությունները, վերջինը՝ 2022-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելանում է, և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում է ուժի գործադրմամբ հայկական նոր հողեր բռնազավթելու նպատակով։ Սա պետություն է, որը շարունակում է հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց որպես գերի պահել, թիրախավորում է քաղաքացիական անձանց, ոտնձգություններ կատարում հայերով բնակեցված հողերի նկատմամբ։ Սա պետություն է, որը փորձում է իր կողմից ԼՂ էթնիկ զտման շարունակվող փորձերն արդարացնել՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին զուտ իրենց աշխատանքը կատարելու համար, այն է՝ հակառակորդ կողմերին առանձնացված պահել»,- նշեց նա։
Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այն ականները, որոնցից դժգոհում է, հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի ԶՈւ-ն է զբաղեցրել 2021 և 2022 թվականներին, ուստի Ադրբեջանը ձգտում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար։