Քաղաքական

Բացառված է, որ առաջիկայում Արցախ միջազգային փաստահավաք խումբ ուղարկվի. Մ. Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանն է։

- Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը շարունակում է չհանգուցալուծված մնալ։ Պնդումներ կան, որ առաջիկա օրերին միջազգային հանրության ճնշումների արդյունքում Ադրբեջանը տեղի կտա։ Դուք ի՞նչ կարծիքի եք՝ ինչպե՞ս կլուծվի հարցը։

-Բերձորի միջանցքի ապաշրջափակումը կավարտվի կա՛մ առաջիկայում բացմամբ, կա՛մ մի նոր պատերազմով, որը կվերաճի տարածաշրջանային պատերազմի: Այստեղ Ադրբեջանից քիչ բան է կախված: Խնդիրը շատ ավելի լայն է ու խորը:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի հասնի Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելուն։

-Բացառված է, որ Արցախ միջազգային փաստահավաք խումբ ուղարկվի առաջիկայում: Անհավանական է նաև, որ նման խումբ Բերձորի միջանցք ուղարկվի: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը նման պահանջով չպետք է առանց դադարի բախի բոլոր դռները:

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի ռուսական կողմի արձագանքը, և արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնվի դրան։

-Ռուսական կողմը կդիմադրի իր ողջ հնարավորությամբ, քանի որ միջազգային փաստահավաք խմբի հայտնվելու հաջորդ քայլը կլինի միջազգային խաղաղապահների տեղակայումը: Մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտն Ադրբեջանը ոչ մի կերպ չի համաձայնի դրան և կփորձի հարցերը լուծել մինչ այդ:

- Կարծիքներ կան, որ ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թույլ արդյունավետություն կունենա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Որոշակի ազդեցություն կունենա, բայց՝ ոչ վճռորոշ: Եթե Արևմուտքը որոշեց, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը Ռուսաստանին կգցի անելանելի վիճակի մեջ, ապա նույնիսկ դիտորդների առկայությունը չի խանգարի, որ այստեղ հրդեհ սկսվի: Եթե Ադրբեջանը զգա, որ հիմա Ռուսաստանն իր քմահաճույքները չբավարարելու ներուժ չունի, ապա չի կորցնի պահը, իսկ Ռուսաստանն էլ հերթական անգամ որպես մանրադրամ կօգտագործի Հայաստանի ու հայ ժողովրդի շահն այդ առևտրում: Ռուսաստանը մեր պետությունը սարքել է աճուրդի հանված ապրանք, որտեղ մենք սուբյեկտայնություն չունենք: Հերթական անգամ կեղծ «փրկչի» դիմակ այլևս չի կարողանալու հագնել. այնպես որ, մեծ սխալ կանի, եթե իր հիմար բախտը փորձի:

-Հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման համար նախադրյալներ և անհրաժեշտություն տեսնու՞մ եք։

-Բանակցությունների համար տեսնում եմ թե՛ նախադրյալներ, թե՛ անհրաժեշտություն: Պարզապես այդ տեսողության համար ոչ ստանդարտ մտածողություն ու երրորդ աչք է պետք, որոնցից, ցավոք, զուրկ է մեր իշխանությունը:

-ՌԴ-ն արձանագրել է, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ-ի այս հայտարարությունը, ինչի՞ մասին է սա խոսում։

-Նախ, վստահ եմ, որ Հայաստանը զուրկ է ընտրություն կատարելու լիազորությունից, ուստի չէր էլ կարող ընտրություն կատարած լինել հօգուտ ոչ ռուսական որևէ կենտրոնի. այսինքն, Ռուսաստանը հերթական անգամ մանիպուլացնում է հանրային գիտակցությունը: Երկրորդ, Ռուսաստանը քաղաքական հայտարարությունների այդ գիծը որդեգրել է 2018թ.-ից ի վեր, որպեսզի կոծկի ռուս-թուրքական աղետալի պայմանավորվածություններն ու կատարվածի և կատարվելիքի մեղքը բարդի ՀՀ իշխանության՝ իբր թե արևմտյան կողմնորոշման վրա: Միայն ալարկոտը կարող է չհասկանալ, որ ՀՀ իշխանությունն այս դերասանությունն անում է հենց ռուսական ցուցումով. ուստի զգոն է պետք լինել ռուս-թուրքական հերթական առ ու վաճառքի հանդեպ:

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։