Քաղաքական

«Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն են ներկայացրել ՊՆ նախարարին

Հունվարի 25-ին «Հանուն հանրապետության» կուսակցության պատվիրակությանը ՀՀ պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է «Հանուն հանրապետության» կուսակցության մամուլի ծառայությունը։ 

Պատվիրակության անդամներ՝ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, արտաքին հարաբերությունների քարտուղար Առնոլդ Բլեյանը և քաղաքական խորհրդի անդամ, իրավական հարցերի պատասխանատու Արտաշես Խալաթյանը նախարարի հետ հանդիպմանը վերահաստատել են, որ «Հանուն հանրապետության» կուսակցությունն իր բոլոր կառույցներով և կարողությամբ Հայոց բանակի, Հայկական զինված ուժերի կողքին է, բանակի արմատական բարեփոխումների աջակիցը:

«Նախարարի հետ հանգամանալից զրույցի ընթացքում ներկայացրել են կուսակցության քաղխորհրդի տեսակետները և մոտեցումները՝ կապված ՀՀ զինված ուժերում ընթացող համակարգային բարեփոխումների գործընթացի, պաշտպանական ոլորտում միջազգային համագործակցության, բանակում ընթացիկ իրավիճակի հետ, մասնավորապես, տեղի ունեցած ոչ մարտական պայմաններում կորուստներով ուղեկցվող արտակարգ դեպքերի և պատահարների համատեքստում։

Հանդիպման ընթացքում կուսակցության պատվիրակությունն առանձնակի կարևորել է ռազմական անվտանգության, ռազմատեխնիկական, ռազմաիրավական անձնակազմի հետ տարվող աշխատանքների, մարտական պատրաստության և այլ ոլորտներում անհետաձգելի արմատական բարեփոխումներին միտված համակարգային լուծումների հրատապ անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթություն։

Նախարարին ներկայացվել է կուսակցության սկզբունքային դիրքորոշումը․ խուսափել բանակում հապճեպ կադրային որոշումներից՝ նախապատվությունը տալով համապարփակ լուծումներին՝ բոլոր մակարդակներում ռազմական կրթության, կադրերի պատրաստման համակարգի, նորմատիվների, հրահանգների կանոնակարգերի և կանոնագրքերի փոփոխության հիման վրա, մարտական պատրաստության և զորքերի ծառայաության, մարտական տեխնիկայի և սպառազինության ոլորտներում՝ պաշտպանական ոլորտում համաշխարհային փորձի առաջատար՝ արևմտյան չափորոշիչների ներդրմամբ և կիրառմամբ, ինչը ենթադրում է նոր պաշտպանական և անվտանգության քաղաքականություն, ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրության վճռական փոփոխություններ։

Կարևորվել է նաև պաշտպանական ոլորտի բարեփոխումների գործընթացում ժամանակակից ռազմավարական հաղորդակցությունների համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Խիստ օգտակար համարելով անկեղծ և գործնական մթնոլորտում կայացած հանդիպումը՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ որոշակի պարբերականությամբ շփումները շարունակվեն»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում։