Քաղաքական

«Ճանապարհ անցած մարդ եմ․ կալա՞նքը ինձ պետք է վախեցնի». Սեյրան Օհանյան

Հունվարի 20-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Սեյրան Օհանյանի հետ։

-Գլխավոր դատախազը Ձեր նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Նաև նման միջնորդություն ներկայացվել է Ձեր խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արմեն Չարչյանի հետ կապված։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ միջնորդությունները։

-Ակնհայտ է, որ ընդդիմության նկատմամբ միշտ քաղաքական հետապնդումներ են եղել, և այս իշխանությունները բավական խորացրել են իրենց այդ մեթոդները։ Երկրորդ՝ իրենք միշտ ինչ-որ քայլերով փորձել են հանրության ուշադրությունը շեղել այս կամ այն կողմի վրա։ Կարելի է ասել, որ դրանք լավ պահպանված նյութեր էին, որն այս պահին, երբ բանակում  տեղի ունեցավ արտակարգ պատահար, երբ բոլորի ուշադրությունը Արցախն է ու Հայաստանի պաշտպանությունն է, միջնորդություններով փորձում են հանրության ուշադրությունը շեղել՝ ինչ-որ թատերական ներկայացում կազմակերպելով, որոնց հիմքում ինչ-որ նոր բան չկա, և բոլորի վաղեմության ժամկետներն անցած են։ 

Արդեն հինգերորդ նստաշրջանն է՝ 8-րդ գումարման ԱԺ-ում ենք։ Մեր ներկայացրած որևէ գործուն առաջարկ, որը վերաբերում է մեր առօրյային, իրական օրակարգերին՝ անվտանգություն, արտաքին հարաբերություններ, բանակ, պաշտպանություն, Արցախ, լուրջ չի ընդունվել, և քննարկումներ չեն իրականացվել։ Նրանք շարունակել են իրենց առօրյա գործունեությունը, կարծես գերակա խնդիրներն իրենց չեն վերաբերվում։ Եվ, կարծում եմ, որ սա հենց իրենց այդ գործունեության արդյունքն է։

-«Հայաստան» խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԱԺ նիստին, թե՞ կբոյկոտեք։

-Մենք ստացել ենք միջնորդությունները, աշխատում ենք։ Մի քանի խորհրդակցություն ենք անցկացրել։ Կորոշենք մեր քայլերի, գործունեության մարտավարությունը։

-Եթե ԱԺ-ն համաձայնություն տա դատախազի միջնորդությանը, ի՞նչ եք պատրաստվում անել։

-Հիմա չեմ ուզում կանխավ ինչ-որ բան ասել։ Երբ վերջնական քննարկենք մեր քայլերը, կորոշենք։ Իմ անձնական տեսակետը սա է․ քանի որ ներկայացվել է միջնորդություն, ես որևէ մտավախություն, ինչ-որ վախեր չունեմ։ Ես պատրաստ եմ գնալ և քննարկումներին մասնակցել, հարցերին պատասխանել։ Իսկ ֆրակցիայի գործունեության վերաբերյալ՝ կասենք, կիմանաք։

-Պնդում կա, թե գործը կարող է հասնել մինչև կալանքի թույլտվություն տալուն։ Այս մասով ի՞նչ կասեք։ Ի՞նչ են ասում Ձեր փաստաբաններն այս առնչությամբ։

-Կալանքի մասին խոսք չկա, քրեական հետապնդման մասին է խոսքը։ Եվ այդ հարցով ասեմ՝ ես ճանապարհ անցած մարդ եմ, ինչ է՝ կալա՞նքը ինձ պետք է վախեցնի։ Պատերազմների թոհուբոհով անցած անձնավորությանը դա չի կարող վախեցնել։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։