Քաղաքական

Ադրբեջանը տեղի տալով ճնշումներին՝ մոտ օրերին կբացի Լաչինի միջանցքը. քաղաքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

-ԵՄ-ն որոշում է կայացրել երկամյա քաղաքացիական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Ի՞նչ կտա առաքելության ներկայությունը։

-Այս որոշումը Ադրբեջանի համար նախ և առաջ զսպող գործոն է, որովհետև վերջին երկու տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, բախումներ հրահրել, ռմբակոծել է երկրի սահմանամերձ շրջանները։ Եվ այժմ այս առաքելության ուղարկումը կտրուկ կնվազեցնի այդ վտանգները։ Կարծում եմ՝ սադրանքների գնալուց առաջ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ կմտածի։ Ըստ էության՝ հենց սա է զայրացրել Բաքվին, որովհետև Ադրբեջանը նաև մի կարևոր զենքից կամ հաղթաթղթից է զրկվել։ Ադրբեջանը փորձում էր սահմաններին բախումներ հրահրելով Հայաստանից կորզել արագացված կերպով խաղաղության պայմանագրի ստորագրում՝ իր պայմաններով։ Իսկ այսօր փաստացի զրկվում է այդ խաղաթղթից:

-Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ԵՄ քաղաքացիական առաքելության երկամյա տեղակայման որոշմանը՝ նշելով, որ այն համընկնում է կարգավորման գործընթացը խափանելու՝ Հայաստանի փորձերի հետ։ ԵՄ առաքելության տեղակայումն ինչո՞ւ է անհանգստացնում Ադրբեջանին։ Իսկապե՞ս դա գործընթացը խափանելու փորձ է։

-Ադրբեջանը փորձում էր հասնել նրան, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվի Արցախից, Արցախի հարցն ուղարկվի պատմության աղբարկղը։ Եվ այս ամենի ֆոնին էր նրանց ամբողջ մարտավարությունը։ Նրանց սպասելիքները չարդարացան, ու սա էլ ցույց է տալիս, թե ինչու է Բաքվի հայտարարությունը ջղագրգիռ։ 

-Ադրբեջանը նաև նշել է, որ նախնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունն իր ներդրումը կունենա կարգավորման օրակարգի առաջմղման գործում, չարդարացան։ Սա ինչ է նշանակում․ որ բրյուսելյան հարթակը դու՞րս է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդերատորությունից։

-Իհարկե, էլի կլինեն բանակցություններ։ Չի կարելի ասել, որ ընդհանրապես բանակցային գործընթացը փակվեց։ Հնարավոր է դրանք շարունակվեն այլ մայրաքաղաքներում։ Բայց էլի եմ կրկնում՝ Ադրբեջանը շատ կարևոր զենքից զրկվեց։ Նա այլև չի կարող ուժի պարտադրմամբ հասնել նրան, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի։ Կարծում եմ՝ ԵՄ առաքելության ուղարկման որոշումը փակեց նաև «Զանգեզուրի միջանցքը» ուժով ստանալու հարցը։ Փաստորեն, Ադրբեջանը նաև սրանից զրկվեց։ Նրանք կհասկանան, որ չեն կարող ուժի պարտադրմամբ Հայաստանից արտատարածքային միջանցք ստանալ։

-ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ի՞նչ հետևանք կունենա Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում։

-Նույն ենթատեքստը կարելի է դիտարկել նաև Բլինքենի հեռախոսազանգի արդյունքում։ Փաստացի ամերիկյան կողմը նաև հզոր ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս բացի միջանցքը, և ստացվում է, որ Ադրբեջանը ևս մեկ ճնշման գործիքից է զրկվում։ Փակելով Լաչինի միջանցքը՝ փորձում են նաև Հայաստանին պարտադրել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Կարծում եմ՝ մոտակա օրերին, տեղի տալով ճնշումներին, կբացեն միջանցքը։ Չգիտեմ՝ ինչ տարբերակով, բայց Ադրբեջանն ստիպված է լինելու բացել այն։ Եթե չբացեն, նրանց համար դա շատ լուրջ հետևանքներ կունենա։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։