Քաղաքական

Ե՞րբ կդադարեն Գրիգորյանի լիազորությունները, և ե՞րբ Հայաստանը կունենա նոր ՄԻՊ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարան. նա պատրաստվում է անցնել այլ աշխատանքի։

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ եթե ՄԻՊ-ը 7-օրյա ժամկետում հետ չի վերցնում դիմումը, խորհրդարանի նախագահը այդ մասին հայտարարություն է անում։ Հաստիքը թափուր մնալուց հետո եռամսյա ժամկետում խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցություն պետք է առաջարկի մեկական թեկնածու։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջադրված թեկնածուներից ընտրում է նրան, որն առաջադրվելու է ՄԻՊ֊ի պաշտոնում։ Դրանից հետո արդեն ԱԺ հերթական նիստում քվեարկություն է տեղի ունենում, և ձայների մեծամասնության արդյունքում ընտրվում կամ չի ընտրվում տվյալ թեկնածուն։

Հիշեցնենք՝ Քրիստինե Գրիգորյանը Հայաստանի հինգերորդ ՄԻ պաշտպանն է։ ԱԺ-ն առաջին անգամ՝ 2004 թվականին, այս պաշտոնում ընտրել է Լարիսա Ալավերդյանին, որը պաշտոնավարել է երկու տարի։ 2006-2011թթ. այդ պաշտոնն զբաղեցրել է Արմեն Հարությունյանը, 2011-2016 թթ.՝  ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, 2016-2022թթ.՝ Արման Թաթոյանը (վերջինս, ի դեպ, միակ պաշտպանն է, որ պաշտոնավարել է ամբողջ ժամանակահատվածում)։

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այս պաշտոնում ընտրվել է 2022թ. փետրվարի 24-ին։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։