Քաղաքական

«ԵԽ զեկույցն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը». Փաշինյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԵԽ նստաշրջանի լիագումար նստաշրջանի ընթացքում ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ» զեկույցին։

Ըստ Փաշինյանի՝ կարևոր արձանագրումներ կան տարածաշրջանի և Հայաստանի մասին. «Մասնավորապես, զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել են որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատվել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արված Ադրբեջանի իշխանություններին՝ զորքերը դուրս բերել ՀՀ բոլոր տարածքներից»։

Փաշինյանը նշել է, թե ընդունված փաստաթուղթը կարևոր է այն առումով, որ արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. «Պետք է այս առումով շնորհակալություն հայտնեմ ԵԽ պատգամավորներին, մեր գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը ԵԽ պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ։ Մենք պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ և ի վերջո հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում։