Քաղաքական

«Ես ունեմ իմ ներքին վստահությունը». Էդգար Ղազարյանը կրկին հանրահավաք է հրավիրում

Լեհաստանում նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարել է հունվարի 28-ին հանրահավաք-երթ անցկացնելու մասին։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Էդգար Ղազարյանի հետ։

- Հունվարի 28-ին հանրահավաք և երթ եք նախաձեռնել։ Այս անգամ ո՞րն է երթի հիմնական նպատակը։

- Հունվարի 28-ը բանակի օրն է։ Եվ դա մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից մեկն է, որի նկատմամբ, ինչպես և բանակի նկատմամբ, այս իշխանություններն իրենց պաշտոնավարման ողջ շրջանում ցուցաբերում են պասիվ, կրավորական վերաբերմունք։ Անցած տարի ընդհանրապես չի նշվել բանակի օրը, երբ նրա երեսնամյա հոբելյանն էր։ Դրանից առաջ նույնպես՝ որևէ շուք, որևէ նշանակություն բանակին չի տրվել, բացի նրանից, որ մեր բանակը տարել են պարտության, կործանման և հիմա էլ հետևողականորեն քայքայում են։ Հանրահավաքի նպատակն է, որ մեր ժողովուրդը տեր կանգնի իր ամենամեծ հարստությանը՝ բանակին, իր զորակցությունը հայտնի նրան և իշխանությունից վռնդի այն մարդկանց ովքեր, որ բանակին դրել են այդ վիճակի մեջ։

- Անցած տարվա օգոստոսին հայտարարեցիք «Անկախության շարժում» սկսելու մասին և նշեցիք, որ...…

- Սա դրա տրամաբանական շարունակությունն է։

- Բայց անցած տարի Դուք ասում էիք, որ մինչև ամենաուշը սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի վարչապետ, բայց մենք տեսնում ենք, որ Ձեր ասածը իրականություն չի դարձել։

- Եվ Դուք տեսնում եք, թե ինչքան ցավալի հետևանքներ եղան, երբ Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Այսինքն, եթե իմ ցանկությունը դառնար բոլորիս ցանկությունը, և մենք սեպտեմբերի 21-ին նրան հեռացնեինք իշխանությունից, կանգնած չէինք լինի այսօրվա մարտահրավերների առաջ։ Հիմա եթե մենք բոլորս մեկտեղենք մեր ուժերը և նրան հեռացնենք հունվարի 28֊ին, դրանից հետո ավելի մեծ մարտահրավերների առաջ չենք կանգնի։ Ամեն օրը աշխատում է մեր ժողովրդի դեմ։ 

- Հունվարի 28֊ի երթի նպատա՞կն էլ է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։

- Նաև։

- Իսկ հանրությունը կգա՞ Ձեր ետևից՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 21-ին...

- Ես ընդամենը ֆորմալ կողմն եմ ապահովել՝ հանրահավաքի մասին ծանուցել եմ Երևանի քաղաքապետարանին։ Թե հանրահավաքն ինչ բովանդակություն, ինչ կազմակերպվածություն, ինչ ներառականություն ու ներգրավվածություն կունենա, կերևա ընթացիկ զարգացումների ընթացքում։

- Անցած տարվա օգոստոսին շատ վստահ ասում էիք, որ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը չի լինի ՀՀ վարչապետ, հիմա՞ էլ եք նույն վստահությամբ ասում։

- Ես ունեմ իմ ներքին վստահությունը, բայց որպեսզի դա իրականություն դառնա, պետք է լինի բոլորիս ընդհանուր վստահությունը։ Ժողովրդի իշխանության տերը Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանն այդ իշխանության ծառայողն է, ժողովրդին ծառայողը։ Եվ եթե ժողովուրդն իր վերաբերմունքը հստակեցնի, որոշակիացնի, այդ ժամանակ, այո, խնդիրը կլուծվի։ Ես ինքս այդ վստահությունը ունեմ և ուզում եմ, որ դա ունենա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։

- Իսկ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցելու՞ է այդ հանրահավաք֊երթին։

- Երեկվանից է Երևանի քաղաքապետարանը ընդունել ծանուցումը։ Ես պատրաստ եմ այդ գաղափարը քննարկել հնարավոր ցանկացած մասնակցի հետ, այդ թվում՝ նաև հանրային դաշտի ընդդիմադիր բոլոր գործիչների։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։