Քաղաքական

«Արցախում գազանջատումը պայմանավորված է ներքաղաքական վերջին զարգացումների հետ». Նորիկյան

Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։

-37 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը կրկին անջատել էր Արցախի գազամատակարարումը։ Ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքի խնդրի լուծումը։

-Հայաստանը լուծման այլընտրանքների առումով հարուստ չի։ Եվ կարծում եմ՝ Հայաստանն օբյեկտիվորեն չունի այլ հնարավորություն, քան առկա գործիքակազմը՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավել դիվանագիտական-քաղաքական խողովակների միջոցով։ Կամ պետք է ինքներս նախահարձակ լինենք, կամ էլ ներկայացնենք խնդրի լուծման այնպիսի տարբերակ, որը կգեներացվի Հայաստանի կողմից։ Այս 37 օրվա ընթացքում չեմ տեսել այդպիսի հստակ ռազմավարություն, որը կբերեր խնդրի հանգուցալուծմանը։ Գազամատակարարման խափանումը պայմանավորված էր Արցախի ներքաղաքական վերջին զարգացումներով։ Ըստ էության՝ Ադրբեջանը փորձում է վերջնագրային ազդեցություն ունենալ Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումների, այս կամ այն ուժային կենտրոնի ակտիվացման կամ թուլացման վրա՝ խարխլելով Արցախի ներքաղաքական անդորրն ու կայունությունը, և ազդել ուժերի բալանսի վրա՝ հանրությանը կանգնեցնելով սոցիալական «կրախի» առջև։ Եվ սրա շարունակությունը հանգեցնելու է պայթյունի՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

-Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ, որը դեռ չի արել։ Եվ, այս համատեքստում, ինչպե՞ս եք գնահատում եռակողմ համաձայնագրի մյուս կողմի՝ ՌԴ-ի գործողությունները։

-Գիտեք, միայն այն փաստի արձանագրումով, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետով ՌԴ վերահսկողության տակ է գտնվում Լաչինի միջանցքը, ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունը և լիարժեք վերահսկողություն չի իրականացնում Լաչինի միջանցքի նկատմամբ։ Փաստ է, որ եռակողմ փաստաթուղթը կորցրել է իր նշանակությունը և գրոշի արժեք չունի կողմերի մոտ, և որակապես այլ ստատուս-քվո է ձևավորվում ուժի իրավունքի ձևաչափով, որն էլ Ադրբեջանը փորձում է պարտադրել։ Այս պահին Լաչինի միջանցքի բացման հարցում Ռուսաստանից մեծ բան ակնկալելն իրատեսական չէ։

-Ոչ պաշտոնապես հայտարարվել է, որ ԵՄ-ն կրկին դիտորդական առաքելություն է ուղարկելու. սա ի՞նչ է նշանակում, ՌԴ-ն ինչպե՞ս կարձագանքի։

-Նախ, ցանկալի կլիներ, որ ԵՄ առաքելության նախորդ երկու ամիսների գործունեության արդյունքների վերաբերյալ հանրությանը տրվեր սպառիչ տեղեկատվություն, թե ինչպիսի գործունեություն է ծավալվել, ինչպիսի արդյունքներ են արձանագրվել, ենթադրվելիք երկու տարվա առաքելությունն ինչ մանդատի շրջանակներում է լինելու, կոնկրետ ինչ իրավասությունների շրջանակով են նրանք լիազորված լինելու և ինչ գործիքակազմ են կիրառելու։ Եվ առհասարակ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ո՞ր հարթակի լույսի ներքո է իրականացվելու այդ առաքելությունը, և նրանց ներկայությունը որքանո՞վ է նպաստելու հակամարտության կարգավորման գործընթացին։ Գտնում եմ, որ այդ հարթակների ներգրավումն արդյունավետ կլինի, եթե նրանց տրված մանդատի շրջանակներում ընդունվող որոշումները և ձեռնարկվող քայլերը նաև ուժ ունենան Ադրբեջանում։ Իսկ թե Ռուսաստանն ինչպես կվերաբերվի, ակնհայտ է՝ այստեղ աշխարհաքաղաքական խանդի առկայության կա, և ՌԴ֊ից ակնկալել դրական արձագանք ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեության մասին՝ իրատեսական չէ։ Այլ խնդիր է, որ մենք պետք է գլոբալ համատեքստում գնահատենք, թե Հայաստանն այսօր ռուսակա՞ն, թե՞ արևմտյան քաղաքական հայեցակարգին է առավելություն տալիս։ 

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։