Քաղաքական

«Հայաստանի և Մեքսիկայի պատմություններում կան ցավոտ էջեր»․ Նավառետե

Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Վերջինիս գլխավորած պատվիրակության հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները: Բերենիսե Խուարես Նավառետեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է, մասնավորապես, մշակույթի, կրթության, ինչպես նաև տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` հայ խորհրդարանականները նույնպես արժեվորել են երկու երկրների օրենսդիրների, մասնավորապես, բարեկամական խմբերի միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով՝ Հայաստանի և Մեքսիկայի ժողովուրդների միջև բարեկամությունը ձևավորված է շատ վաղուց, ունի խոր արմատներ: Բերենիսե Խուարես Նավառետեն էլ կարծիք է հայտնել, որ երկու երկրների պատմություններում էլ կան ցավոտ էջեր:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակում կարևորել են միջազգային հանրության արձագանքը:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղության մասին, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը և չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Պատգամավորի խոսքով օրակարգային է միջազգային հանրության անդրադարձն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին` հիմքում ունենալով «Ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևը:

Հետևեք մեզ Telegram-ում։