Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.81

RUB5.38

Երևան -7 ℃

Рус Eng

Ալեն Սիմոնյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի շրջափակման հարցին

Քաղաքական

17 Հունվարի, 16:15

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից:

Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաև Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության:

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:

Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը