Քաղաքական

Ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձերից. բանավեճ ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ում նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկության ժամանակ կրքերը լարվեցին, և իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև բանավեճ սկսվեց։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հետաքրքրվեց՝ թե ինչու են այդպես վարվում. «Ձեր իրավունքն է՝ չմասնակցել, բայց կարծում եմ՝ քաղաքացիներն արժանի են գոնե իմանալու բացատրությունը՝ ինչու եք մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ քվեարկում, ինչո՞ւ եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չեք քվեարկում»։

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե իրենք հիմնավորում են իրենց քվեարկությունները. «Որպես կանոն՝ բերված փաթեթները կիսատ-պռատ մշակված, չմշակված կամ երկրի առաջնային օրակարգերից դուրս հարցեր են»։

Ռուբեն Ռուբինյանը նաև նշեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել նախագծերին. «Եթե բոլոր նախագծերին, այդ թվում՝ ոչ այնքան մեծ քաղաքական բեռ ունեցողներին, ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, կարո՞ղ եմ ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձերից՝ կատարելով տեխնիկական պահանջը»։

Այս խոսքերից հետո բանավեճ սկսվեց «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև։

Հետևեք մեզ Telegram-ում։