Քաղաքական

«ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն Ադրբեջանի ներխուժումից հետո մեզ պետք է ռազմական օգնություն ցույց տային». ՀՀ նախագահ

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել: Այս մասին հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մինչ այդ, եթե Ադրբեջանը որոշակի ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, որովհետև դա ՀՀ տարածքում չէր, սակայն սեպտեմբերի 13-ին կոնկրետ Հայաստանի տարածքի վրա էր հարձակումը՝ երեք շրջաններում և տարբեր տեղերում մինչև 5-7 կմ առաջխաղացում է եղել Ադրբեջանի կողմից: Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛  Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային:

Բացի դրանից, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին, որոնց ակտիվ մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին միջամտության համար՝ փոքր կամ մեծ օգնություն՝ էական չէ, կարևորն այն է, որ պատերազմը հաջորդ օրը դադարեցվեց։ 

Հայաստանը և Էստոնիան փոքր երկներ են, մենք մեր անվտանգությունը չենք կարող մեր միջոցներով ապահովել, կարիք ունենք միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության։ Տվյալ դեպքում՝ Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Ցավոք սրտի, մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ-որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները, քննարկումները և, ի վերջո, կհայտնենք մեր դիրքորոշումը։ 

Մեր հարևան Ադրբեջանի ագրեսիվ տրամադրություններն աճել են, դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնած տեսակետները։ Մենք պետք է վստահ լինենք, որ հերթական հարձակման դեպքում մենակ չենք լինի»,- ասել է ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի խոսքով՝ ռուս խաղաղախահները պետք է ապահովեին ԼՂ-ի և ՀՀ-ի ուղիղ կապը, որն 90 կմ է։ 

«Այստեղ երկու պատասխանատուներ կան՝ ռուս խաղաղապահները, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը և Ադրբեջանը, որը չպետք է խոչընդոտներ ստեղծեր։ Հայաստանն այնտեղ անելիք չունի։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Տվյալ դեպքում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարել՝ արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է Լաչինի միջանցքը։ 

Այդ ճանապարհով ամեն օր 300-400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով: Այսօր այնտեղ կարևոր սննդամթերքը կտրոններով է տրվում. ուղղակի խանութներում վաճառելու ոչինչ չկա: Պետությունն իր ռեզերվներից է տալիս: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ պարզապես փակ են, քսան օր առաջ հոսանքն անջատվեց. հոսանքի մատակարարումը Հայաստանից է իրականացվում: Վթար է եղել, չեն թողնում, որ վերականգնվի։ Այնտեղ հովհարային անջառումներ են։ 

Մինչ այս դեպքը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. մի քանի դեպք է եղել երկու տարվա ընթացքում, որոնք արագ լուծվել են: Նախորդ տարի ադրբեջանցիները գազն են անջատել, բայց խաղաղապահների միջնորդությամբ արագ վերականգնվել է մատակարարումը: Հիմա ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում ուժ կիրառել, և հարցը փորձում են լուծել բանակցությունների միջոցով, բայց մենք հիմա, ըստ էության, պահանջներ ունենք իրենցից։ Ադրբեջանի նկատմամբ ևս պահանջներ ունենք, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է կամ չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել։

Փաստն այն է, որ մեր սպասելիքներն իրականություն չեն դառնում, և միջանցքը շարունակում է փակ մնալ։ Առաջիկայում՝ 2 օրից, Եվրախորհրդարանում հատուկ քննարկում կլինի դրա հետ կապված, սպասենք արդյունքներին»,- նշել է ՀՀ նախագահը։ 



 

Հետևեք մեզ Telegram-ում։