Քաղաքական

«Ներազգային համերաշխության և համախմբման պայմաններում հնարավոր է իրավիճակը բեկել». Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական հարցերի, Արցախում ստեղծված իրավիճակի, Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ընդդիմության կատարած աշխատանքի և այլ հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։

- ԱԺ ՔՊ խմբակցությունը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար չդիմել ՍԴ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը։

- Կարծում եմ, որ այդ որոշումն ավելի շուտ իշխանությունների քաղաքական կամքի տիրույթում է, քան իրավական կարգավորումների։ Հավելյալ մեկնաբանություն չունեմ։ 

- Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 36 օր փակ է, արցախահայությունը փաստացի շրջափակման մեջ է։ Խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ լծակներ ու գործիքակազմ ունի՝ օգնելու Արցախին՝ դուրս գալ շրջափակումից։

- Առհասարակ, որևէ պետության մեջ ընդդիմության հիմնական գործիքակազմը խնդիրների բարձրաձայնումն է, նաև այլընտրանքների առաջարկումը։ Մենք 2018 թվականից այս ահագնացող, Արցախի շուրջ նեղացող օղակի շուրջ շարունակ բարձրաձայնել ենք, փողոցային պայքար ենք ծավալել, դիմադրության շարժում ենք հունավորել․ շարունակ խոսել ենք այն մասին, որ այս քաղաքականությունը՝ թե արտաքին, թե ներքին (ներքին՝ նկատի ունեմ բաժանարարների քաղաքականությունը), ՔՊ-ի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հայտարարված քաղաքական կուրսի մերժումը, անցյալի ուրացումը, բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելը, դիվանագիտական մեկուսացումը, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների ձախողումը։ Այս բոլոր խնդիրների մասին բարձրաձայնել ենք, և ըստ էության, ահազանգել այն ճակատագրական, ազգակործան հանգրվանի մասին, ինչի մեջ այսօր հայտնվել ենք։ Այսօր Արցախը և Հայաստանը աներևակայելի մարտահրավեր է դիմագրավում։ Եվ Արցախը, որն անկախ Հայաստանի գոյության բանալին էր, մեր անկախության անձնագիր տվողը՝ այսօր հայտվել է գոյութենական սպառնալիքի առջև։ Եվ քաղաքական տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Արցախի կորուստը հայոց պետականության կորուստն է։ Հատկապես, որ մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, հրապարակայնորեն իրենց նկրտումները և նպատակադրումները չեն թաքցնում։ Եվ այսօր Հայաստանը՝ դիմադրողականությունը կորցրած, շատ ցածր ինքնիշխանության մակարդակով երկիր է։ Ցավոք սրտի, մեր բոլոր լուծումների ուղղություններով քաղաքական մեծամասնությունը քայլեր չի իրականացնում, և այն կազմաքանդման գործընթացը, որը որդեգրվել էր այս չորս տարիների ընթացքում, հասցրել է այս հանգրվանին։ Մենք նույնիսկ այս պահին ենք համոզված, որ ամեն բան կորած չէ, և ներազգային համերաշխության և համախմբումի պայմաններում հնարավոր է իրավիճակը փոխել, խաղաքարտերը խառնել, և նաև արտաքին ճակատում մեծ աշխատանք ունենք տանելու։

- Խոսեցիք արտաքին ճակատի մասին։ Խորհրդարանական ընդդիմությունը միջազգային հարթակներում ի՞նչ աշխատանք է տանում կամ տարել՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

- Քանի որ ես ներկայացնում է ՀՅԴ֊ն, խոսեմ մեր մասին։ Այս օրերին պետք է նկատած լինեք, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները աներևակայելի աշխատանք են տանում Ուրուգվայի, Ֆրանսիայի սենատները, ԱՄՆ մի շարք սենատորներ դատապարտող հայտարարություններ են արել։ Միջազգային հարթակներում Հայ Դատի գրասենյակները լուրջ աշխատանք են տանում։ Սակայն լրջագույն մարտահրավերը նախ և առաջ ՀՀ իշխանությունների վարքագիծն է, նրանց կամքն ու ազգային շահերի մասին ունեցած սնանկ պատկերացումները։ Եվ այսօր թողած այսօրինակ ելքերի որոնումները՝ իշխանությունները պատմության ռևիզիայի մեջ են հայտնվել և ինքնաարդարացման ռեժիմում՝ մերժելով պայքարի ճշմարտացիությունը, մեր հերոսականացումը, մեր անկախության ձգտումը, ազգային իդեալների մերժման ու պառակտման քաղաքականություն է վարում։ Նրանք իշխանության եկան Արցախի ինքնորոշման իրավունքը հետապնդելու խոստումով, իսկ հետագայում նաև անջատում հանուն փրկության բանաձևը մեջտեղ նետեցին, և այսօր քաղաքական զրո բարոյականությամբ մերժում են նաև իրենց խոստումները։ Միջազգային պատվիրակություններում մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին՝ համոզված, որ միայն այդպես կարող ենք կանխել ցեղասպանությունը, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը, իսկ քաղաքական մեծամասնությունը հրաժարվել է դրանից։ Անցնող երեսուն տարում Արցախի հարցում Հայաստանի իշխանության և ընդդիմության մեջ նման անջրպետ չի եղել։ Բոլորս հավատացել ենք ինքնորոշման իրավունքին, և մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Իսկ այսօր հասել ենք անշրջելիության կետին։

- Հանգստյան օրերին Արցախում քաղաքական խմորումներ էին տեղի ունենում։ Շրջանառվեց Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման, հետո հերքվեց։ Ինչպես կմեկնաբանեք ընթացող գործընթացները, և ինչ հետևանքներով են դրանք հղի, եթե, ի վերջո, նոր ընտրություններ տեղի ունենան Արցախում։

- Շատ տեղեկություն չունեմ և չեմ ցանկանում մեկնաբանել։ Բայց մի բան հստակ է․ այս պահին էկզիստենցիալ մարտահրավերները հաղթահարելու համար համազգային համախմբում է անհրաժեշտ թե Հայաստանում, թե Արցախում։ Արցախում և հայոց աշխարհում անհրաժեշտ է միակամություն, ազգային նպատակների սահմանում և համոզված ծառայում։ Կարծում եմ, որ մենք խոհեմություն կգտնենք մեր նպատակների շուրջ համախմբվելու և ելքեր գտնելու համար։ Եղած ինստիտուտները չի կարելի ավելի խոցելի դարձնել, այս իրավիճակում ցանկացած ներքին ցնցում ոչ միայն լրացուցիչ հարված է Արցախի ինքնությանը, այլ նաև թշնամու ջրաղացին ջուր լցնել է նշանակում։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։