Քաղաքական

Ֆրանսիան կոչ է անում վերադառնալ երկխոսության ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

Ֆրանսիայի ԱԺ նախագահ  Յաել Բրաուն-Պիվեն կոչ է արել մ վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը. «Կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը: Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսության հարթակներից մեկն է: Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Եվ այսօր շատ կարևոր է, որ դրան մասնակից յուրաքանչյուր կողմ համաձայնի վերադառնալ այդ երկխոսությանը: Եվ մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը»։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ սա երկխոսությանը վերադառնալու միակ ձևը չէ: Պետք է բոլոր միջոցները փորձվեն, որ իրավիճակի լարումը դադարի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելել է, որ կան 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին. «Սակայն, այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության: ՌԴ-ի կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և հետագա ճակատագրի հետ կապված հարցերը»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ֆրանսիայի, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությամբ կան 1-2 ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով, և դրանք պակաս կարևոր չեն։