Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

«Մեր երկրի շուրջ գոյություն ունեցող խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում». վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

Քաղաքական

13 Հունվարի, 20:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Իր խոսքում վարչապետը նշել է.

«Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն քաղաքական դինամիկան, որը գործնականում մեր երկրի անկախության ողջ շրջանում անընդհատ արտահայտվել է նորանոր դրսևորումներով: Շատ ուրախ եմ արձանագրել, որ նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մենք անվանում ենք առանձնաշնորհյալ, իրենց հենց այդ վերնագրին համարժեք արտահայտությունն են գտնում պետական կառավարաման և տեղական ինքնակառավարման բոլոր մակարդակներում:

Շատ կարևոր է ընդգծել՝ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող և գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում, և դա շատ կարևոր է մեզ համար: Մենք անընդհատ առիթներ ենք ունենում ծափահարելու Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին և, եթե ես հիմա այդ առիթները թվարկեմ, նույնիսկ բավական երկար կտևի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և մեր խորհրդարանական գործընկերներին այդպիսի քաղաքական կամքի համար: Համոզված եմ, որ այս քաղաքական և մարդկային ջերմությունը, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունի երկար տարիներ, նորանոր առարկայական դրսևորումներ կունենա»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում: Յաել Բրաուն-Պիվեն հիշատակել է Ազգային ժողովի և Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձևերի փաստը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և կարևորվել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը և Յաել Բրաուն-Պիվեն շեշտել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, կարևորվել է տնտեսության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում կապերի էլ ավելի խորացումը: Տեղեկացվել է, որ առաջիկայում սկսելու է գործել Մարսել-Երևան ավիաչվերթը, ինչը կնպաստի տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացմանը: Քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և ընդգծել, որ ռեֆորմների հարուստ օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է: «Որևէ իրադարձություն կամ խնդիր չպետք է մեզ շեղի բարեփոխումների ուղուց, մեր արձագանքը մարտահրավերներին պետք է լինի ասիմետրիկ»,- նշել է վարչապետը:

 

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը