Քաղաքական

Ալիևը բանակցություններում շահագրգռված չէ. քաղաքագետ

Տարածաշրջանում և հատկապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

-Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ պետք է բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել։ Ինչ է սա նշանակում՝ հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի անզիջում դիրքորոշումը։ 

-Զախարովայի հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է իր դիրքերը Հարավային Կովկասում զիջել Թուրքիային։ Այս հայտարարությունը նաև նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է փորձել Հարավային Կովկասում և, հատկապես Արցախում, իր ստեղծած խնդիրը լուծել Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին։ Եվ սա նշանակում է, որ Մոսկվան լուծումը տեսնում է Ալիևին «զանգեզուրի միջանցք» տրամադրելու մեջ։ Ռուսաստանը շարունակում է փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա և կապել իրար հետ չկապված հարցերը։ Դա Լաչինի միջանցքն է, որը պետք է անխափան գործի՝ ըստ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների, իսկ արտատարածքային միջանցքի մասին որևէ  փաստաթղթում որևէ նշմարում չկա։

-Արցախի պետնախարարն ասել է, որ Հայաստանից ակնկալիքներն ավելին էին, քան կան։ Կա՞ գործիքակազմ, որ Հայաստանը դեռ չի կիրառել ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։  

-Ես չեմ կարող ասել, թե Արցախի պետնախարարն ինչ գործողություններ է ակնկալում Հայաստանից, բայց կարող եմ ասել՝ Հայաստանն ինչ գործողություններ դեռ չի կիրառել ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։ Հայաստանը պետք է աշխարհով մեկ աղմուկ բարձրացնի, որպեսզի մարդիկ հասկանան Լաչինի միջանցքում ինչ է կատարվում։ 21-րդ դարում աղմուկ բարձրացնել՝ նշանակում է ակտիվ լուսաբանել կատարվողը։ Սա նշանակում է ԱԳՆ մակարդակով հովանավորել և Լաչինի միջանցք հրավիրել տարբեր երկրների լրագրողներ, որոնք ցույց կտան իրականությունը, որից հետո աշխարհը կիմանա, թե ինչ իրավիճակ է։ Եվ ինչու ոչ, կարող են ճնշումներ լինել կառավարությունների վրա, որպեսզի դիրքորոշումները լինեն ավելի հստակ։ Ադրբեջանն այսօր Արցախում փակելով Լաչինի միջանցքը, կտրելով հեռահաղորդակցությունը, հոսանքը, մեր հայրենակիցներին զրկանքների հասցնելով՝ մեծ հաշվով մեկ նպատակ է հետապնդում՝ վաղը, մյուս օրը բացի Լաչինի միջանցքը, որ արցախցիները լքեն հայրենիքը։ Եվ այսպիսով, Ալիևը փորձում է փակել Արցախի խնդիրը, Արցախի էջն այնպես, ինչպես ժամանակից Նախիջևանի էջը։ Եվ այո, մենք չենք կիրառում բոլոր գործիքները, որը կարող ենք կիրառել։

֊Ստեղծված իրավիճակում հավանական համարու՞մ եք Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը, և արդյո՞ք սա կարող է կոնկրետ արդյունքներ գրանցել։

֊Չեմ կարծում, որ Ալիևը կգնա ուղիղ երկխոսության Ստեփանակերտի հետ, որովհետև Ադրբեջանի հիմնական նպատակը ոչ թե երկխոսությունն է Ստեփանակերտի, այլ Հայաստանի հետ։ Ադրբեջանը մի քանի բան է պահանջում՝ «խաղաղության պայմանագիր», որը իրականում կհանգեցնի գրավոր կերպով Հայաստանի կապիտուլյացիայի, որովհետև խաղաղության պայմանագիր ասելով՝ Ադրբեջանը, Ալիևը հասկանում են էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքով, հասկանում են ութ գյուղ, որոնք պետք է անցնի իրենց։ Նա դրանով չի բավարարվելու՝ Հայաստանի առջև նոր տարածքային պահանջներ դնելով։ Այնպես որ, Ալիևը միայն մեկ հարցի շուրջ կարող է բանակցել արցախցիների հետ, թե ինչպես նրանք լքեն Արցախը։ Ալիևը բանակցություններում շահագրգռված չէ։ Նա պահանջում է այսօր և ամեն ինչ։ Եվ եթե մենք ուզում ենք, որ այս իրավիճակը փոխվի, ապա պետք է փոխենք մեր մեթոդաբանությունը,  արտաքին քաղաքականությունը, որովհետև շարունակել այնպես ինչպես այսօր ենք շարունակում, անհնար է, դա լավ բան չի բերելու ոչ Հայաստանին, ոչ էլ Արցախին։ Պետք է ռադիկալ փոփոխություններ անել։

Հայկ Մագոյան