Քաղաքական

«Լաչինի միջանցքը փակ պահելն արդեն էսկալացիա է». Քոչինյան

Radar Armenia-ի զրուցակիցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն է։

-Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանով արտատարածքային միջանցք լինել չի կարող, բայց Ալիևը շարունակում է պնդել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման դրույթ կա ու միևնույն ժամանակ նշում, որ Բաքուն Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու ծրագիր չունի։ Ձեր կարծիքով՝ Ալիևի հռետորաբանությունը ռազմական նոր էսկալացիայի վտանգ պարունակու՞մ է։

֊Ալիևի հայտարարությունը, բնականաբար, նոր էսկալացիայի վտանգ պարունակում է։ Ըստ էության, էսկալացիա արդեն կա։ Դա Լաչինի միջանցքի փակ պահելն է, որը Հայաստանից միջանցք ստանալու շանտաժի միջոց է։ Ալիևը իրագործում է իր հայտարարությունը, որ Հայաստանը Լաչինում կստանա նույն կարգավիճակը, որը կապահովի Մեղրիում, այսինքն, ինչ-որ անցակետային տրամաբանությամբ։ Իսկ բուն ռազմական էսկալացիայի վտանգ, այո, կրկնեմ՝ տեսնում եմ։ Ընդ որում, կարճաժամկետ կտրվածքում եմ տեսնում, որովհետև եթե Ադրբեջանի կողմից կիրառվող այդ գործիքը որևէ արդյունք չտա՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում իրենց ցանկացած զիջումները տեսնելու, չեմ բացառում, որ գնան ավելի մեծ սրացումների։

-Պաշտոնական Երևանը հրաժարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ նշանակություն և հետևանք կարող է ունենալ։ Այս քայլից հետո ՀԱՊԿ-ն կվերանայի՞ իր քաղաքականությունը։

֊Պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելը կարելի է բացատրել երկու կերպ։ Պետք է հստակ ձևակերպված ռազմավարական նպատակ՝ օրինակ, ՀԱՊԿ֊ից դուրս գալու, սա շատ լավ, կարևոր հանգրվան է։ Եվ շատ կարևոր քայլ է այդ ուղղությամբ աշխատելու համար։ Եթե սա պարզապես օրվա որոշում է և առանց ռազմավարական նպատակի քայլ է, ապա, ըստ իս, դա սխալ քաղաքականություն է։ Իսկ թե ինչ հետևանքներ կարող է ունենալ. չեմ կարծում, թե ՀԱՊԿ֊ի և անդամ պետությունների քաղաքականությունը շատ մեծ փոփոխության ենթարկվի այս քայլի արդյունքում։

-Հավանակա՞ն է, որ Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, դիմի ՄԱԿ ԱԽ-ին, որպեսզի ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտի։

- Բացառում եմ, որ Ռուսաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ իր խաղաղապահ կոնտինգենտին միջազգային մանդատ տալու համար։ Նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը նոր չէ, որ ՄԱԿ անդամ է։ ՌԴ֊ն ՄԱԿ ԱԽ մշտական անդամ էր նաև 2020 թվականի նոյեմբերին, և եթե կարիքն զգար իր խաղաղապահներին նման մանդատով օժտելու, դեռևս այն ժամանակ կարող էր դիմել։ Նման կարիք չի զգացել այն ժամանակ, չի զգացել անցնող երկու տարիների ընթացքում և, կարծում եմ, չի կզգա ապագայում, եթե ամեն բան գնում է քաղաքական պլանի համաձայն։

-Հավանական համարու՞մ եք, որ Լաչինի միջանցքի հարցը լուծելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն։

- Այս պահին շատ քիչ հավանական եմ համարում, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար հնարավոր լինի միջազգային խաղաղարար կոնտինգենտ ներգրավել։

Հայկ Մագոյան