Մտահոգություն ենք հայտնում երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի, Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԽ) ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շեշտում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը արձանագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում։ Ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մեր խաղաղապահների դեմ մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները: Մենք նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերին առնչվող հարցերի վերաբերյալ։
Մենք կողմ ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջական և համապարփակ իրականացմանը, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և հասարակական գործիչների միջև կապերի հաստատմանը: