Անցած 2022 թվականը Radar Armenia-ն ամփոփել է քաղաքագետ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։
-Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ինչպիսի՞ տարի էր 2022 թվականը տարածաշրջանի ու, հատկապես, Հայաստանի համար։
-Շատ բարդ տարի էր 2022 թվականը։ Պետք է նախ գլոբալ համատեքստում նայել մեր տարածաշրջանի և Հայաստանի խնդիրներին, որովհետև մենք անջատ չենք աշխարհից։ Հիշում ենք, որ 2022 թվականի փետրվարից սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, որը միայն պայմանականորեն էր ռուս-ուկրաինական, որովհետև գործ ունենք Ռուսաստանի և կոլեկտիվ Արևմուտքի գլոբալ հակադրության հետ։ Այս պատերազմն ամբողջովին փոխեց աշխարհը և ավելի բարդացրեց մեր խնդիրները։ Տուրբուլենտությունը տարածվեց նաև մեր տարածաշրջանի վրա։ Եվ պատահական չէ, որ հատկապես այս տարին աչքի ընկավ լարվածության աճով, որը մինչև հիմա շարունակվում է։ Ձմռան սկզբին մենք տեսանք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները շատ ագրեսիվ քաղաքականություն իրականացրին։ Նկատի ունեմ Փառուխի և Քարագլխի գործողությունները, և փետրվար-մարտի աննախադեպ ցրտին Արցախը զրկվեց գազից։ Վերջապես, հիշենք սեպտեմբերյան ագրեսիան արդեն Հայաստանի նկատմամբ, որն աննախադեպ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ իր մասշտաբով, առաջադրված խնդիրներով։ Եթե այլ առումով ամփոփելու լինենք 2022-ը, ապա շատ խոսվեց խաղաղության մասին, նույնիսկ ժամկետ մատնանշվեց, որ մինչև 2022-ի տարեվերջ պետք է խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրվեր։ Սակայն իրականում ունենք իրավիճակ, որ խաղաղությունից կամ հարաբերությունների կարգավորումից, գուցե, ավելի հեռու ենք, քան նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ին։ Եվ սա այն պատճառով, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը գումարվել է նաև միջնորդական հարթակների կամ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների՝ վառ արտահայտված հակադրությունները։
-Խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում ի՞նչ կանխատեսումներ ունեք 2023-ին։
-Մի շարք պատճառներով ժամկետներ մատնանշելը դժվար է։ Նախ, չգիտենք՝ ինչ ընթացք կունենա ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ մնացած բոլոր գործընթացները սերտորեն կապված են դրա հետ։ Օրինակ, որպես մեր տարածաշրջանի հիմնական խաղացող, Ռուսաստանի կարողությունները կավելանա՞ն, թե՞ կպակասեն՝ պատերազմի ընթացքից է կախված։ Այս պատերազմի ընթացքից է կախված, թե Արևմուտքը կփորձի՞ ներկայություն ունենալ, թե՞ այնքան զբաղված կլինի ուկրաինական իրադարձություններով, որ մեր տարածաշրջանը երկրորդական կհամարվի։ Բայց ես ենթադրում եմ, որ խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Լիահույս լինենք, որ գոնե, 2023 թվականին ավելի մոտ կլինենք հարաբերությունների կարգավորման հանգրվանին, քան նոր պատերազմին։
-Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս տարի։ Ինչպե՞ս կզարգանան ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները։
-Բարդ հարց եք տալիս, որովհետև մի կողմից նկատում ենք իշխանության մոտ ավտորիտար միտումների ուժեղացում, մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ ճգնաժամ կամ տարրալուծում։ 2023 թվականին այս պրոցեսները կշարունակվեն։ Բայց, սրան զուգահեռ, երրորդ ուժերը, որոնք դուրս են խորհրդարանական իշխանության և ընդդիմության ֆորմատներից, կարող են ինքնակազմակերպվել, և, ի վերջո, հասարակությունը նոր քաղաքական այլընտրանքի հնարավորություն կարող է ունենալ։ Ֆորմալ առումով ամենակարևոր իրադարձությունը Երևանի քաղաքապետի ընտրություններն են։ Կլինի ոչ միայն իշխանություն-ընդդիմություն պայքար, այլև նոր ընդդիմադիր դրսևորումների ականատես կլինենք։ Սա՝ ֆորմալիստական տեսանկյունից, բայց պետք չէ մոռանալ, որ մեր քաղաքական կյանքը մեծապես կազմված է լինելու արտաքին քաղաքական գործոնների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններից։ Հետևաբար, այս պահին ֆորս մաժորներ չեն ուրվագծվում, բայց դրանք ամբողջովին բացառել չի կարելի։ Հայաստանի քաղաքական կյանքը, ցավոք սրտի, արտաքին գործոններից կարող է ցնցվել կամ խմբագրվել։
Հայկ Մագոյան