Քաղաքական

Կառավարությունը ԼՂ ժողովրդին աջակցելու համար աշխատանքային խումբ է ձևավորել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել. կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ըստ Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է. «Խմբի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Աշխատանքային խմբերում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»։

Ըստ Փաշինյանի՝ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ԼՂ-ին լրացուցիչ 4 մլրդ դրամ օգնություն ցուցաբերելու հարցը։ Նրա խոսքով՝ ԼՂ ժողովրդին հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է. «Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա։ Գործընկեր պետություները, միջազգային կազմակերպությունները պետք է մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»։