ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի. «Բազմիցս եմ նշել, որ որևէ միջանցքի բացում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում, նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի»։
Վարչապետն ընդգծեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ դրույթների իրականացմանը. «Այդ կետը տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Եռակողմ հայտարարությունը այս գործընթացում ՀՀ-ի սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ»։