«Հայաստան» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։
Radar Armenia-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, մեկնաբանելով տեղի ունեցողը, նշեց, թե այդ հարցի պատասխանը պետք է ուղղել այդ թեկնածուներին։ Ավետիսյանի խոսքով՝ առանձնապես խնդիր չկա, անձնական որոշման հարց է․ «Մանդատները չվերցնողները իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտել են»։
Իսկ արդյո՞ք մանդատներից հրաժարվելու գործընթացը չի արվում, որպեսզի պատգամավոր դառնալու հերթը հասնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, որը «Հայաստան» դաշինքի 50-րդ համարն է։ Ավետիսյանն ասաց, որ նման միտում չի տեսնում. «Ցուցակը հերթականությամբ է, սովորական ընթացք է, և մշտապես էլ լինում են մանդատը վայր դնողներ և վերցնողներ։ Կձևավորվի ֆրակցիայի ողջ կազմը, և այստեղ ենթադրություններ անելու օբյեկտիվ առիթ ու պատճառ չկա»։
Ավետիսյանը վստահեցրեց, որ շարունակելու են աշխատել որդեգրած պայքարի հունով։
Հիշեցնենք՝ օրերս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանն ասել էր, որ մանդատները չվերցնելու առնչությամբ քննարկումներ են ընթանում, և երբ վերջնական որոշում ընդունվի, կտեղեկացնեն հանրությանը։
Հայկ Մագոյան