Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 4 ℃

Рус Eng

Ֆրանսիան աշխատում է տարածաշրջանում դեր ստանձնել

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2022, 21:21

Radar Armeia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հվ. Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։ Ո՞րն է այս բանաձևի քաղաքական նշանակությունը, և ի՞նչ կարող է տալ այն Հայաստանին։

- Պարզ էր, որ Ֆրանսիայի ԱԺ-ն սենատի հետևողականությամբ հանգելու էր նման բանաձևի։ Սա շատ նման է 44-օրյա պատերազմին Ֆրանսիայի երկպալատ բանաձևերին՝ Արցախի անկախության ճանաչման կոչ անելու առումով։ Նման բանաձևերը խաղաթուղթ են գործադիրի ձեռքում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում օգտագործելու համար։ Այստեղ արդեն խոսվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, եթե շարունակվի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Քաղաքական առումով, իհարկե, կա Հարավային Կովկասում ռուսական ազդեցության հակակշիռ քայլեր անելու ենթաառաջադրանքը։ Ռուսական միջնորդության և ԵԱՀԿ-ի անդամալուծման արանքում Ֆրանսիան աշխատում է դեր ստանձնել տարածաշրջանում և ներգրավվել գործընթացում։ Օրենսդիր դաշտի բանաձևերը այդ նպատակն են հետապնդում։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։

-Դարձյալ համեմատենք նախկին երկպալատ բանաձևերի հետ, որոնք իբրև ուղղություն չտեղափոխվեցին գործադիր դաշտ։ Միաժամանակ նկատենք, որ Մակրոնի և, ընդհանրապես, պաշտոնական Փարիզի դիրքորոշումը ադրբեջանական ագրեսիայի դեմ ամենահասցեականն էր։ Դա պատճառ դարձավ, որ Բաքուն բանակցային գործընթացում վետոյի ենթարկի Փարիզի մասնակցությունը։ Նկատենք, որ արտգործնախարարության այս հայտարարությունն ու Բրյուսելի քառակողմը վերակենդանացնելու աշխատանքը համաժամանակյա ընթացքով են գնում։ Դա ենթադրում է, որ Բաքվի վետոյի դեպքում Մակրոնը կարող է գործադիր դաշտ բերել իր օրենսդիրի բանաձևերը։

-Այս համատեքստում, հաշվի առնելով Ալիևի կողմից Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ պատճառաբանված բրյուսելյան հանդիպման չեղարկումը, այս բանաձևը կարո՞ղ է ևս պատրվակ լինել Բաքվի ձեռքին՝ բանակցությունները փակուղի տանելու համար։

-Չի բացառվում, որ Բաքուն շարունակի պատրվակել նման բանաձևերը։ Հարցն, ըստ էության, մեծ հաշվով կախում ունի Բաքու-Անկարա-Մոսկվա գծի վրա ընթացող բանակցություններից։ Ֆրանսիայի ներգրավմամբ Բաքվի մերժումը բխում է առաջին հերթին Մոսկվայի շահերից, որը նախընտրում է Անկարայի հետ համաձայնաբար պահպանել հիմնական միջնորդի դերը։

-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ հայտարարել է, որ տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար։ Սա ի՞նչ է նշանակում, որ ԱՄՆ-ն է՞լ է խոստովանում, որ տարածաշրջանում Ռուսաստանը դոմինանտ է։ Չե՞ն պատրաստվում պայքարել դրա դեմ։

-Հայտարարության կոնտեքստը շատ կարևոր է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շուտով ստանձնելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, և այս հայտարարությունը կատարվում է նոր պաշտոնի ստանձնման նախօրեին։ Ուղերձն այն է, որ ինքը փորձելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար իրականացնել ԱՄՆ-ՌԴ համագործակցություն։

-ԱՄՆ-Ռուսաստան մրցապայքարի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Կողմերից ո՞ր մեկը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, և ինչու՞ չի անում։

- Հակասական երևույթներ են արձանագրվում։ Անկարան խոսում է Երևանի հետ հարաբերությունների դրական և գործնական փուլի մասին, Բայրամովը դժգոհում է հայկական կողմի դիրքորոշումներից, իսկ Բաքուն սահմանին կրակում է։ Պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները ակնարկում են Երևանի հետ խորքային բանակցությունների մասին և ետքայլ անում Ադրբեջանից զորքերը հետ քաշելու՝ իրենց նախկին պահանջներից։ Բրյուսելի հանդիպումը չեղարկվում է, սակայն այն վերագործարկելու նոր փորձեր են երևում։ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական ձևաչափը անդամալուծվում է, և զուգահեռ ընթանում են միջնորդական նոր ձևաչափեր ձևավորելու մրցապայքարներ։ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չի տալիս, բայց առաջարկում է օժանդակությունների փաթեթ, որի ամենակարևոր առանցքը Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություններ ուղարկելն է։ Միջնորդականին առընթեր սկսվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի վրա առաքելությունների հակամարտություն։ Այս բոլորը խոսում են Հարավային Կովկասում ներթափանցման և ներգրավման աշխարհաքաղաքական մրցակցությունների մասին, որոնք կարող են զսպիչ դեր ունենալ Բաքվի շտապողականության հարցում։ Ադրբեջանն իր առջև դրած խնդիրները չի կարողանում լուծել իր պատկերացրած ժամանակահատվածում, այդ պատճառով էլ կրակում է։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը