Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Արամ Վարդևանյանի՝ մանդատից հրաժարվելու մասին

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ որոշումը եղել է բացառապես Արամ Վարդևանյանինը. «Վարդևանյանի հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Սա անձնական որոշում է, և խնդիր գոյություն չունի»,-ասաց Նազարյանը։

Ըստ էության՝ Արամ Վարդևանյանի հրաժարումը մանդատից համընկավ երեկ խորհրդարանում Ալեն Սիմոնյանի այն պնդման հետ, որ «Հայաստան» դաշինքը շարունակվելու է պառակտվել։ Այդ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, արձագանքելով կատարվողին, ասաց. «Կարծում եմ՝ պարոն Վարդևանյանն իր գրառման մեջ անդրադարձել է թե՛ մանդատը վայր դնելու պատճառներին, թե՛ նրան, որ ինքը շարունակում է մնալ մեր գործընկերը, և թե՛ նրան, որ իր պայքարը չի ավարտվել, և միասին կարողանալու ենք կյանքի կոչել մեր հիմնական նպատակը»։

Արամ Վարդևանյանն իր գրառման մեջ նշել էր, որ վերադառնում է փաստաբանական համայնք։

Հայկ Մագոյան