Քաղաքական

Կստեղծվի ոստիկանության գվարդիա

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով կառավարությունում նախատեսված կառուցվածքային փոփոխություններին, որի արդյունքում ստեղծվելու է ներքին գործերի նախարարություն, տեղեկացրել է. «ՆԳՆ-ն ինքն է առաջնորդելու բոլոր ռեֆորմները, որոնց մեկնարկը տրված է։ Հունվարին ևս չորս մարզում՝ Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք և Տավուշ, կգործարկվեն պարեկային ծառայություններ։ Կահավորանքներն արդեն իսկ պատրաստ են, և, այդ առումով, առավելագույնը հունվարի 25-ին կունենանք դրանց գործունեության մեկնարկը։ Ինչ վերաբերում է ոստիկանության գվարդիայի գաղափարին, նշեմ՝ արդեն մեծ փորձագիտական խումբ սկսել է աշխատանքները, նախատեսվում է միջմարզային կառույցներ ունենալ ոստիկանության գվարդիայի տրամաբանության ներքո։ Այնտեղ կներառվեն երեք հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ոստիկանության զորքերը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող գունդը և պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Նախնական մոդելը սա է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ ոստիկանության զորքերը, վերակազմավորվելով որպես ոստիկանության գվարդիա, ավելի ընդլայնված գործառույթներ կունենան։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հավելել է, որ ԱԱԾ մարմիններից ՊՊԾ-ն ևս առանձնացվելու է՝ դառնալով վարչապետին ենթակա առանձին մարմին: