Քաղաքական

Հայաստանը ցույց տվեց, որ չի պատրաստվում վարել իմիտացիոն արտաքին քաղաքականություն

Radar Armenia-ի զրուցակիցը ռազամաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն է։

-Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստում Հայաստանը չի ստորագրել հռչակագիրը, և հիմա փաստաթուղթը պետք է լրամշակվի։  Որքանո՞վ էր սպասելի սա, և քաղաքական առումով այս քայլը ի՞նչ է նշանակում։

-Բավական կանխատեսելի իրավիճակ է։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո մինչ այս պահը, երբ համադրում էինք ՀԱՊԿ դաշնակիցների դիրքորոշումները  Հայաստանի ակնկալած դիրքորոշման հետ, որտեղ արձանագրված պետք է լիներ, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, պարզ էր դառնում, որ ընդհանուր հայտարարի գալ, ըստ էության, հնարավոր չէր լինելու։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քաղաքական մեսիջ է պարունակում, ապա այն հետևյալն է՝ ՀՀ-ն չի պատրաստվում վարել իմիտացիոն արտաքին քաղաքականություն և պատրաստվում է երևույթները կոչել իրենց անուններով։ ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական կառույց, կոչված է ապահովելու իր անդամ պետությունների, տվյալ պարագայում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը՝ հավաքական անվտանգության սկզբունքի կիրարկման հիման վրա: Մինչդեռ, ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը ոչ միայն ձեռնամուխ չեղավ վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, այլև անգամ քաղաքական մակարդակով չարեց հայտարարություն առ այն, որ Հայաստանը ենթարկվել է ռազմական ագրեսիայի: Հետևաբար, Հայաստանը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը: 

-Կարող ենք ասել, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը խուսափում է այն գնահատականներից ու առարկայական աջակցությունից, ինչ ակնկալում է Հայաստանը, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա համագործակցությունը, ՀՀ-ի՝ ՀԱՊԿ կազմում մնալը։

-Այս առումով մենք լուրջ քաղաքական պլանավորման կարիք ունենք։ Կարծում եմ, որ մենք պետք է որդեգրենք մոտավոր այն քաղաքական մարտավարությունը, որը ժամանակին բանեցրել է Ուզբեկստանը. շարունակաբար պետք է մինիմալացնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի մարմինների գործողություններում։ Օրինակ, չստորագրենք հռչակագրեր կամ ռազմավարական նշանակության փաստաթղթեր, կամ էլ պաշտպանության նախարարների մակարդակով չմասնակցենք նաև հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով տեղի ունեցող հանդիպումներին, կամ մասնակցելիս մինիմալ դերակատարություն որդեգրենք՝ հաստակ քաղաքական մեսիջ հաղորդելով ՀԱՊԿ գործընկերներին։ Սրանով ցույց կտանք, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, և Հայաստանը դժգոհ է կառույցի աշխատանքից: Զուգահեռաբար նաև քաղաքական մեսիջ կհղենք մեր արևմտյան գործընկերներին առ այն, որ Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ի գործունեությունից, հետևաբար, նպատակ ունի վերաձևակերպելու իր անվտանգային քաղաքականությունը։

-Բելառուսի նախագահն էլ հայտարարեց, թե իրենց գործը չէ Ադրբեջանին զսպելը։ Նման հայտարարությունները չե՞ն նպաստում և լեգիտիմացնում Ադրբեջանի ագրեսիան և դրա շարունակականությունը։

-Առաջին հերթին նման հայտարարությունները ծայրահեղ ծանր հարված են հասցնում հենց ՀԱՊԿ-ի իմիջին։ Բելառուսի նախագահի՝ նման հայտարարությունը ոտքից գլուխ հակոտնյա է ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերի հիմնարար դրույթների հետ։ Հետևաբար, այս հայտարարությունների հիման վրա Հայաստանն, ըստ էության, կարող է արձանագրել, որ Բելառուսը, որպես կազմակերպության անդամ պետություն, դիրքորոշում է հայտնում առ այն, որ չի պատրաստվում կատարել ՀԱՊԿ-ի կանոնադրական դրույթները։ Եվ սա մեզ համար կարող է բավարար հիմք լինել, որպեսզի մենք առաջարկենք առնվազն կասեցնել Բելառուսի մասնակցությունը ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների աշխատանքներին։ Իսկ եթե այս հայտարարությունները դիտարկենք քաղաքականության տեսանկյունից, պետք է ընդգծենք, որ այստեղ ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական կառույց, գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Քաղաքական կամքը և նպատակը ցանկացած ինտեգրացիոն խմբավորման հիմքն է հանդիսանում։ Իսկ նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ անդամ պետությունները չեն կիսում նույն արժեհամակարգը, հետևաբար, հավաքական անվտանգության սպասարկման տեսանկյունից նրանց միասնական գործելը պետք է լինի խնդրահարույց։

-Ռուսական կողմը խաղաղության պայմանագրի մասին խոսելիս արդեն նշում է, որ ժամկետները կարևոր չեն, կարևորը՝ գործընթացը կարգավորվի։ Սա նշանակու՞մ է, որ մինչև տարեվերջ փաստաթուղթ չի լինի։

-Հայկական կողմն իր պաշտոնական հայտարարություններով ընդգծում է, որ տրամադրված է գործընթացը հնարավորինս շուտ եթե ավարտվին չհասցնել, ապա՝ առնվազն բյուրեղացնել։ Ռուսաստանի հետևյալ դիրքերոշումը, որ կարևորը ժամկետները չեն, հակոտնյա է արևմտյան գործընկերների ներկայացրած դիրքորոշման հետ։ Եվ այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, ավելի գերակշիռ կլինի այն երկրի դիրքորոշումը, որը կստանձնի Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցում առաջնային միջնորդի դերը։ Տվյալ պարագայում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդական դերը պատվիրակեն Ռուսաստանին, ապա գործընթացը այդ ճանապարհով կգնա՝ կձգձգվի։ Իսկ, եթե այն պատվիրակվի մեր արևմտյան գործընկերներին, հավանականությունը մեծ է, որ առնվազն կբյուրեղացվեն պայմանագրի ստորագրման համար անհաժեշտ դրույթները:

Հայկ Մագոյան