Քաղաքական

Գազի գինը 10 տարի չի բարձրանա քաղաքացիների համար. կառավարությունը տարեկան 34,79 մլն դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա»-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ նախագծի կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ-ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։

«Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով  «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։

«Արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Բացի այդ Արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։
Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը».- ասված է նախագծի հիմնավորման մեջ։