Քաղաքական

«Ցանկանում եմ հաջողություն». Վահե Հակոբյանը՝ «Վերածնվող Հայաստան»-ից երկու պատգամավորի հեռանալու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Պատգամավորը հայտարարել է. «Ես և Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Նաև՝ Առուշ Առուշանյանը։ Այսինքն, ամբողջ Սյունիքի թևը դուրս է եկել կուսակցությունից»։

Radar Armenia-ի հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին լուրը։ Ըստ Հակոբյանի՝ Առուշանյանից նման դիմում չի ստացվել։

«Առուշ Առուշանյանը դեռ կուսակցության անդամ է։ Ասեմ ավելին, դաշինքը, որով ինքն ընտրվել է քաղաքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը այդ դաշինքի անդամ է։ Առուշանյանի մասով լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Վահե Հակոբյանը՝ նշելով, որ Առուշանյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ, կուսակցությունից դուրս գալու հարցը դեռևս քննարկել է նրա հետ։

Ինչ վերաբերում է պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի՝ կուսակցության շարքերը լքելուն, Վահե Հակոբյանն ասաց, որ ամբողջ խնդիրը կուսակցական կարգապահությունն է եղել։

«Կուսակցությունն արդարացիորեն համարում է, որ այսօր բոլոր որոշումներն այս բարդ իրավիճակում պետք է կայացվեն թիմային։ Եթե ինչ-որ մեկը որոշում է, որ ինքը այնքան է կայացել որպես անհատական քաղաքական գործիչ, որ կարող է արդեն անձնական գործունեություն ծավալել, ուրեմն իրեն ցանկանում եմ հաջողություն»,- պարզաբանեց Վահե Հակոբյանը՝ նշելով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր բնականոն գործունեությունը։

Հայկ Մագոյան