Քաղաքական

«Հայաստան» դաշինքի պառակտման որևէ նշույլ չեմ տեսնում». ՀՅԴ-ական պատգամավոր

«Հայաստան» դաշինքի պառակտման որևէ նշույլ չեմ տեսնում. այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից իր գործընկեր պատգամավորների՝ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի դուրս գալուն։ Ըստ նրա՝ պատգամավորների այդ քայլը ներկուսակցական խնդիր է, որը կապ չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վարդանյանը նաև ավելորդ շահարկում համարեց նման խոսակցությունները։

Նրա խոսքով՝ խորհրդարանի աշխատանքներն սկսելու օրվանից ինչ-որ կանխատեսումներ են լինում «Հայաստան» դաշինքի պառակտվելու մասին, նշվում են ժամկետներ, մարդկանց անուններ, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում. «Դաշինքի պառակտման որևէ նշույլ չեմ տեսնում։ Հանգիստ եմ վերաբերում այդպիսի մեկնաբանություններին։ Դրանք միշտ են եղել։ Նախընտրում եմ կենտրոնանալ ավելի կարևոր  հարցերի վրա, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չեն փոխվել՝ անվտանգության հարցերը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Հայկ Մագոյան