Քաղաքական

Անգործությունը բերեց նրան, որ այդ մարդիկ գործարքներ կնքեցին, փախան Հայաստանից

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Այս և այլ հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։

-Պարոն Նորիկյան, Ֆրանսիան մերժել է Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, Ձեզ համար սպասելի՞ էր այս փաստը։

-Իրավական առումով չեմ կարող հստակ բան ասել, քանի որ ծանոթ չեմ՝ Ֆրանսիայի մերժման հիմքում ինչ փաստական հիմքեր են դրվել, նաև ծանոթ չեմ Հայաստանի կողմից նշված անձին հետ պահանջելու հետ կապված միջնորդությանը կամ ներկայացված հիմնավորումներին։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում Սուրիկ Խաչատրյանի վարքագիծը գնահատվելու է բացառապես իրավական հարթության վրա։ Եթե ծանոթանամ մերժման հիմքերին, կարող եմ դիրքորոշում հայտնել, թե ինչ կարելի է գտնել այդ որոշման տակ։

-Մի կողմից ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց է ընթանում, մյուս կողմից՝ նմանօրինակ մարդիկ ապաստան են գտնում արտերկրում։ Ինչպե՞ս կբացատրեք։

-Սա հերթական քաղաքական ձախողումն է, որովհետև առաջին դեպքը չէ, երբ իրավապահ համակարգին չի հաջողվում պատասխանատվության ենթարկել հնչեղ վարքագիծ ունեցող որևէ անձի։ Կհիշեք նաև, որ ՌԴ-ում են գտնվում քրեական հետապնդման մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի անձինք, և նրանց վերաբերյալ նույնպես առկա է զրոյական արդյունք։ Սա կարելի է համարել երկրում իրականացվող հակաքրեական քաղաքականության տոտալ ձախողում։ Պետք է արձանագրել, որ օրվա իշխանություններին չհաջողվեց որևէ հայտնի կոռուպցիոների ենթարկել քրեական պատասխանատվության։ Սա խոսում է իշխանության գործունեության կատարյալ ձախողման մասին։ Նույն Վիգեն Սարգսյանի մասով ասեմ. երեք տարի բարձրաձայնում եմ։ Նախաձեռնել էի քրեական վարույթ հարուցելու պատրաստակամությամբ հանդես գալ։ Համապատասխան գործող անձինք ճանաչվել էին տուժողներ։ Հրապարակային 3-4 անգամ ահազանգել եմ նախկին գլխավոր դատախազին, և վերջին անգամ մեկ ամիս առաջ եմ դիմել գործող գլխավոր դատախազին՝ հասկանալու համար, թե քանի տարի է պետք, որ իմանան՝ Վիգեն Սարգսյանի արարքում կա՞ քրեաիրավական գնահատականի արժանի դրվագ, թե՞ ոչ։  Անգործությունը բերեց նրան, որ այդ մարդիկ գործարքներ կնքեցին, փախան Հայաստանից։ Ստացվում է՝ այդ մարդիկ ավելին են կարող, քան երկրի ամբողջ իրավապահ համակարգը։ Այստեղից էլ հետևություն՝ կամ սա քաղաքական պայմանավորվածության հետևանք է, կամ իսկապես իշխանությունն ու իրավապահ համակարգը ունակ չեն պայքարել կոռուպցիայի դեմ։

-Իսկ գործող գլխավոր դատախազից պատասխան ստացե՞լ եք՝ Վիգեն Սարգսյանի գործի հետ կապված։

-Ստացել եմ հերթապահ պատասխան, որ գործը քննվում է, բազմադրվագ գործ է։ Նշել են, որ տեղի է ունենում նախաքննություն։ Ասել են, որ լրացուցիչ կպատասխանեն։

Հայկ Մագոյան