Քաղաքական

Կորեայի Հանրապետության պաշտոնյաների հետ կարևոր հանդիպումներ են անցկացվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է.

«Կորեայի Հարապետություն կատարած այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կարևոր հանդիպումներ է ունեցել ԿՀ առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ Գեոնգ Դաեջի և ԿՀ կրթության նախարարի տեղակալ Սանգ Յուն Ջանգի հետ։

Հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հայ-կորեական տնտեսական համագործակցությանը և իր գոհունակությունը հայտնեց առ այն, որ ՀՀ և ԿՀ միջև ապրանքաշրջանառությունը մեծացման միտում ունի: Կարևորելով ՀՀ և ԿՀ տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները առաջարկեց, որպեսզի կորեական ընկերությունները իրենց ակտիվ մասնակցությունն ունենան Հայաստանում կազմակերպվող EXPO-ներին:

Պարոն Գեոնգը նշեց, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով կորեական կազմակերպությունները լուրջ դժվարությունների առջև են կանգնել և ուրախ է, որ Հայաստանը ստեղծում է ներդրումների հարմար բարենպաստ միջավայր։

Կողմերը երկուստեք արձանագրեցին որ կա չիրացված տնտեսական մեծ ներուժ ու հայտնեցին տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ գործուն քայլեր կատարելու պատրաստակամություն։

ԿՀ կրթության փոխնախարար Սանգ Յուն Ջանգը ողջունելով հյուրերին անդրադարձ կատարեց ՀՀ և ԿՀ կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրին, որը ուժի մեջ է մտել 2017թ. նոյեմբերի14-ից: Նա նշեց, որ Covid-19 համավարակի պատճառով այս ոլորտում նույնպես համագործակցությունը որոշակի դժվարություններ է կրել, սակայն իրավիճակի կայունացմամբ պայմանավորված կարելի է իրականացնել փոխանակման ծրագրեր և ակտիվացնել փոխգործակցությունը։

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, անդրադառնալով երկու կառավարությունների միջև կնքված մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրին, նշեց, որ այն լայն հնարավորություններ է ստեղծում այս ոլորտում սերտ համագործակցության համար և առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել դրանք կյանքի կոչելու համար։ Նաև արձանագրեց, որ վերջին շրջանում Հայաստանում մեծացել է երիտասարդների հետաքրքրությունը կորեական մշակույթի և կորեերենի նկատմամբ, որն էլ համագործակցության խորացման նոր հեռանկարներ է ստեղծում:

Բոլոր հանդիպումներն ընթացել են փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը հայտնել են երկրների միջև բազմոլորտ համագործակցությանն ուղղված քայլերի պատրաստակամություն, նախանշվել է հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»: