Քաղաքական

«Ընդդիմությունը խորհրդարան է վերադարձել բացակայությունների հարցը լուծելու համար». Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադարձին, նշեց, թե այն որևէ կերպ չի նկատվում։ Ըստ Դավոյանի՝ ընդդիմադիրները խորհրդարան են վերադարձել միայն իրենց բացակայության հարցը լուծելու համար։

Դավոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իշխող խմբակցությունը մասնակցելու է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից առաջիկա օրերին նախաձեռնվելիք արտահերթ նիստին, որտեղ առաջարկելու են բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել։ Դավոյանն ասաց, որ այդ մասին մամուլից է իմացել, և խմբակցությունում այդ հարցով որևէ քննարկում չի եղել. «Ընդդիմադիրները շատ լավ գիտեն՝ բանակցային գործընթացն ինչպես է ընթանում։ Վարչապետը բազմիցս մանրամասնել է գործընթացի ընթացքի մասին»,- ասաց Դավոյանը՝ հավելելով, որ սա ևս ԱԺ վերադառնալու արդարացումներից մեկն է։ 

Իշխանության ներկայացուցիչը հիշեցրեց, թե ինչպես էին ընդդիմադիրները հայտարարում, թե կքննարկեն անվատանգության հետ կապված հարցեր, բայց և չեն մասնակցում պաշտպանության նախարարի կողմից խորհրդարան բերված կարևոր նախագծերի քննարկումներին. «Վստահ եմ՝ իրենց հետաքրքիր չէ այն ամենն, ինչ միտված է պետության զարգացմանն ու անվտանգության խնդիրների լուծմանը»։

Հայկ Մագոյան