Քաղաքական

Խնդիրն այն է, թե Վաշինգտոնը որքանով է պատրաստ առաջ մղել երևանյան տարբերակը

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսել է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ ստորագրել շրջանակային պայմանագիր։ Սա ի՞նչ է նշանակում, որքանո՞վ ռեալ եք համարում այդ փաստաթղթի ստորագրումը։

-Հայաստանն իր՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուն պատրաստ լինելու հայտարարություններով փորձում է պարզապես ցույց տալ, որ ինքը կառուցողական է տրամադրված խաղաղ գործընթացը շարունակելու առումով և պատրաստ է գործակցել ռեգիոնալ խաղաղության և այդ համատեքստում միջազգային անվտանգության հարցերում։ Եվ այս տեսանկյունից այդ հայտարարությունները դիվանագիտական մարտավարության խնդիր են լուծում։ Ինչ վերաբերում է հավանականությանը, որ կստորագրվի այդպիսի պայմանագիր, այն շատ ցածր է։ Մենք տեսնում ենք, որ հակամարտող կողմերի դիրքորոշումներում կան էական տարակարծություններ Արցախի հարցի սահմանային ձևակերպումների, նաև սահմանազատման-սահմանագծման մոտեցումների շուրջ։ Էլ չեմ խոսում ավելի խոշոր խաղացողների տարբերությունների մասին։ Խոշոր հաշվով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցը կախված է ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումներից, այլ աշխարհաքաղաքական դիմակայության զարգացման տրամաբանությունից, որ այսօր ծավալվում է տարբեր ուղղություններով՝ ուկրաինական պատերազմի էպիկենտրոնային նշանակությամբ։ Սա ամենևին չի նշանակում, թե Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները չունեն որևէ ազդեցություն, պարզապես պետք է գնահատենք, որ այդ ազդեցությունները և վճռորոշությունն ունի սահմանափակ ներգործություն ավելի լայն միջավայրում տեղի ունեցող զարգացումների վրա։ Իսկ հայ-ադրբեջանական խնդիրը ավելի լայն զարգացումներում, անկասկած, դիտարկվում է որպես միջոց և գործիք։

-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Բլինքենի այդ հորդորը։ Ի՞նչ է հասկացնում Միացյալ Նահանգները։

-Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ թե՛ Երևան, թե՛ Բաքու կատարած զանգերը և հորդորը՝ պահել բանակցությունը, պարզապես պայմանավորված է Միացյալ Նահանգների նախաձեռնության դիվանագիտական ակտիվությունը պահելու խնդրով։ Առավել ևս, տեսնում ենք, որ այս առումով մրցակցությունը բավական մեծ է։ Կա ոչ միայն ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմ գործընթաց, այլև վերջին շրջանում բավական աշխույժ և տարբեր ձևաչափերով դերակատարում ունի Իրանը, ինչպես նաև առկա է Ֆրանսիայի ակտիվ նախաձեռնողականությունը։ ԱՄՆ-ն պարզապես փորձում է լուծել իր գծի կենսունակության և ազդեցության հարցը։ Ի դեպ, այդ առումով հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերը զուգորդվում են Ֆրանսիայի սենատում ընդունված հայտնի բանաձևով, որն ունի խորհրդատվական բնույթ, բայց արտացոլում է Ֆրանսիայի ռազմավարական նպատակները։ Ըստ իս՝ Ֆրանսիայի ռազմավարական նպատակներն այդ շրջանակում են՝ ապահովել ազդեցություն կովկասյան  «խաղին», և այս համատեքստում ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներին վճռորոշ մասնակցություն։ Կովկասյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտությունն, անկասկած, դիտարկվում է որպես միջոց՝ ավելի լայն դիմակայության հարցերում։

-Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Վաշինգտոնում ադրբեջանական կողմին են փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը։ Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի համար ընդունելի են խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկները։ Ըստ Ձեզ՝ ռուսական և ամերիկյան առաջարկները հակասու՞մ են միմյանց, թե՞ փոխլրացնում, և այս համատեքստում ավելի շատ բովանդակայի՞ն պայքար է, թե՞ երկու խոշոր խաղացողների մեջ մոդերատորության պայքար։

-Դեռևս պարզ չէ, թե ինչ մանրամասներ է պարունակում Երևանի փոխանցած պայմանագրի տեքստը, և գուցե այդ առնչությամբ նաև Երևանը մանրամասներ ներկայացնի։ Թեև հնարավոր է կռահել, որ խոսքը վերաբերում է արցախյան հարցի ընդգծմանը։ Առայժմ գիտենք, որ այստեղ է գլխավոր տարակարծությունը։ Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերն իր համար ընդունելի են, բայց՝ կիսատ և թերի, քանի որ չեն հասցեագրում բոլոր խնդիրները, մասնավորապես՝ Արցախի անվտանգության և իրավունքների հարցը, արցախյան հակամարտության հարցը։ Պետք է ենթադրել, որ Երևանի փոխանցած տեքստը Վաշինգտոնին ներառում է հենց այդ հարցը։ Եվ այդտեղ խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում ունի դրա հանդեպ Վաշինգտոնը և որքանով է պատրաստ առաջ մղել երևանյան տարբերակը կամ գտնել փոխզիջումային մոտեցում։ Եթե խոսենք Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումների մասին, մեծ հաշվով բուն խնդիրը ռեգիոնալ կառավարման պայքարն է, ըստ այդմ, նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը կառավարելու համար, որը բերում է ազդեցության մեծ հնարավորություններ՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ հարակից ռեգիոնների պրոցեսների իմաստով։ Ինչ վերաբերում է բովանդակային տարբերությանը, ապա գոնե առայժմ կարող ենք դիտարկել մեկ տարբերություն՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները։ Գիտենք, որ ռուսական կողմը առաջարկում է հետաձգել կարգավիճակի հարցը և արձանագրել այդ հետաձգումը։ Այսինքն, կողմերին առաջարկում է արձանագրել, որ պայմանավորվում են անորոշ հեռանկարով ապագային թողնել այդ խնդիրը։ Իսկ վաշինգտոնյան մոտեցումը, կարծես, հակառակն է։ Այսինքն, արձանագրել խնդիրը և ձեռնամուխ լինել դրա լուծմանը։ Հնարավոր է դատել, որ առայժմ այդ մոտեցումը ենթադրում է Արցախի դիտարկում (թեկուզ ինչ-որ կարգավիճակով) Ադրբեջանի կազմում։ Երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, թե հայկական կողմից նշաձողի իջեցման ակնկալիք կա, և այդ հայտարարությունը բուռն քաղաքական զարգացումներ խթանեց Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն ողջունեցին այդ մոտեցումը, ինչը նշանակում է, որ իսկապես դիտարկում են կարգավիճակի այդպիսի հեռանկար։ Եվ այստեղ ամերիկյան և ռուսական առաջարկների սկզբունքային տարբերությունն է, ինչը միայն առերևույթ տպավորություն է։

Այդ ամենով հանդերձ՝ պետք է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ վերջին օրերին շատ խոսվում է ամերիկա-ռուսական շփումների մասին։ Մենք տեսանք, որ խոսվեց Բայդենի խորհրդական Սալիվանի և ՌԴ ԱԽ քարտուղարի ու Պուտինի օգնական Ուշակովի միջև եռանկյուն շփումների մասին։ Հետո Անկարայում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետախուզությունների ղեկավարների հանդիպումը։ Ամենևին չենք կարող պնդել, որ այդ շփումներն ընթանում են համաձայնության մթնոլորտում։ Եվ չենք կարող ասել, թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվում, բայց չենք կարող բացառել նաև, որ այդ շփումներում քննարկվում է նաև Կովկասում որոշակի գործողություններ համադրելու հարցը։ Այստեղ շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչ մոտեցումներ կարող են լինել իրանյան հարցի վերաբերյալ և ինչպիսի դիրքորոշում կունենա Իրանը ամերիկա-ռուսական շփումների հանդեպ։ Հատկապես, երբ տեսնում ենք Իրանի և ՌԴ-ի՝ չափազանց սերտ գործակցության զարգացումը։ Ամփոփելով նկատեմ, որ այս զարգացումներում առանցքային նշանակություն ունի  նաև այն, թե ինչպիսի քննարկումներ են ծավալվում ամերիկա-չինական դաշտում։ Բալիում՝ G20-ի վեհաժողովի շրջանակում, տեղի ունեցավ երկու նախագահների հանդիպում և պայմանավորվածություն, որ Չինաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարը։ Սա նշանակում է, որ այնտեղ կա առարկայական քննարկումների հեռանկար։ Բայց որքանով է այդ հեռանկարը միտված դեպի համաձայնությանը, մեծ հարց է։

Հայկ Մագոյան