Քաղաքական

Վարչապետն ԱԳՆ նախկին պաշտոնյաներին կոչ է անում ավելի ակտիվ մասնակցել ընդդիմության հանրահավաքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք. «Հասկանալի է, որ 90-ականներին, երբ կարգին բյուջե չի եղել, դեսպանատներ հիմնելու համար աջակցել են։ Ես խնդիր եմ դրել ու արգելել եմ ֆինանսավորումը։ Պատկերացնու՞մ եք, օրինակ, ասենք՝ ԱԺ այսօրվա նիստերի հովանավորն է այսինչ այսինչյանը։ Տարօրինակ հանգամանքներ են բացահայտվում, շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է։ Այդտեղ մենք նորմալ շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի»։ 

Անդրադառնալով քաղաքական նշանակումներին՝ Փաշինյանը հիշեցրել է. դեռ 2018 թվականին հայտարարել էր, որ այն պետք է նվազագույնի հասցնել. «Հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց ԱԳՆ-ն՝ նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, չեմ հիշում որ թիվն էր..., հիմա նրանք զբաղված են գիտագործնական շատ կարևոր աշխատանքով։ Չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում։ Չեն կիսում, թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են։ Ցավոք, վերջին հանրահավաքներին ինչ-որ չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է, ես կոչ եմ անում նրանց՝ մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, ակցիաներին։ Դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է»։