Քաղաքական

Բանակի բարեփոխման գործընթացն ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում անդրադարձել է պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցներին և բանակի բարեփոխման գործընթացին:

Նրա խոսքով. «2023 թվականի հարկային եկամուտների մասը պլանավորում ենք 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և քովիդի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով:

Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 միլիարդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, 2022 թվականի նկատմամբ՝ 47 տոկոս»։ 

Վարչապետը խոսել է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությանը։ Ըստ Փաշինյանի. «Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում»։

Նա հավելել է, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու։