Քաղաքական

Կառավարությունը դեռ 2021թ. հունվարից ընդունել է ռուսական առաջարկները. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրում իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ քննադատություններն անհասկանալի են։ Նա հիշատակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում ելույթը, որտեղ անդրադարձել էր ԼՂ խնդրին։ Ըստ Փաշինյանի՝ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է։

Փաշինյանը հիշեցրել է. «ՌԴ առաջարկի էությունը հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։ Երբ ռուսական առաջարկների վերաբերյալ հարցադրումն արվեց, կառավարությունը շատ արագ արձագանքեց։ Բայց և ընդդիմության դաշտում, և ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ՝ կառավարությունից պահանջելով ընդունել ռուսական առաջարկները։ Ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց, դեռ 2021թ. հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է։ Դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով, և ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման այնուամենայնիվ պարզաբանելու հնարավորություն մեզ համար ընձեռեց»։ Փաշինյանը նշեց, որ իրենց այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց են ընդունել. «Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի այդ մասին բարձրաձայն հայտարարեն»։