Քաղաքական

«Հայաստան» դաշինքը կկազմալուծվի՞. ՀՅԴ-ական պատգամավորը ԱԺ նախագահի հայտարարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Թադևոս Ավետիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունը, թե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն», ասաց՝ սա իշխանությունների ցանկությունն է։ 

Ըստ Ավետիսյանի. «Նրանց ցանկությունն է, որ ընդդիմությունը թուլանա, որովհետև այն ծրագիրը, որ իրենք են իրականացնում ինքնին բավականին բարդ է՝ հայրենիք հանձնելու մասին է, մեզ հայրենազրկելու և վերջնականապես մեր երկիրը պարտության տանելու մասին է»։ Նրա խոսքով, այս իմաստով հասկանալի է նման ցանկությունը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «Հայաստան» դաշինքի ոչ դաշնակցական տարբեր պատգամավորները շուտով իրենց մանդատները վայր են դնելու, իսկ ՀՅԴ–ն միայնակ չի կարող ունենալ 30 պատգամավոր, Թադևոս Ավետիսյանն ասաց՝ ինքն էլ Ալեն Սիմոնյանից է լսել այդ մասին։

Հայկ Մագոյան