Քաղաքական

Արմեն Աշոտյանը՝ իրեն երկրից դուրս չթողնելու մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են իրեն մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ համաժողովին։ 

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Աշոտյանը հայտարարեց՝ իրեն օդանավակայանում ասել են, թե ինչ-որ քրեական գործով մեղադրյալ է։ Սակայն, ըստ Աշոտյանի, իրեն մեղադրանք առաջադրելու մասին չեն ծանուցել. «Ծանուցման բացակայությունից զատ իմ հանդեպ կիրառվել է չհեռանալու մասին որոշում, որը նույնպես ես պետք է իմ ստորագրությամբ հաստատեմ։ Չեմ հաստատել, որովհետև չկա այդպիսի ծանուցում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ իրենք մտադիր են քրեական գործ հարուցելու համար դիմել իրավապահներին, քանի որ, ըստ նրա, համապատասխան պետական պաշտոնյաների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահում է առկա։

Տեղեկացնենք, որ իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանել, թե ինչու է արգելվել Աշոտյանին մեկնել երկրից և ինչ քրեական գործի շրջանակներում։