Քաղաքական

Հայ-կիպրական միջպետական հարաբերությունները գնահատվել են գերազանց

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովհաննիսյանը գերազանց է գնահատել հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և առաջ մղելու համար։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: