Քաղաքական

Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա խնդիրներ ստեղծել Իրանի համար

Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը։

-Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացման ֆոնին Ադրբեջանը հայտարարում է Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Դա արդյո՞ք պատահական է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

-Բնավ պատահական չէ։ Արդեն երկրորդ լրտեսական խումբն է, որի մասին հաղորդում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Սա ցուցիչ է նախ և առաջ հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև խոսում է այն մասին, որ Իրանը լրջորեն սկսել է զբաղվել Ադրբեջանի տարածքում հատուկ ուժերի կամ իր ազդեցության գործակալների ակտիվացմամբ։ Այս հարաբերությունների ֆոնին և՛ Նախիջևանի, և՛ Ադրբեջանի հիմնական տարածքների ուղղությամբ, հատկապես՝ կրոնական խնդիրները բորբոքելու, նաև անջատողականների՝ թալիշների, թաթերի և այլ  իրանական ժողովուրդների աշխատելու ոլորտում Իրանը բավականին ակտիվացել է ու չի թաքցնում այդ հանգամանքը։ Վերլուծական շրջանակներում շատ են  խոսակցությունները, որ Իրանը պետք է մեծացնի իր աշխատանքը։ Նաև Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունների ֆոնին՝ Իրանում որոշում է կայացվել այդ պետությանն իր ուժը ցույց տալ՝ որոշակի հարված հասցնելու նպատակով։

-Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի և Իրանի միջև հռետորաբանության խորացումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, և հնարավո՞ր է՝ բանը հասնի ռազմական բախումների։

-Չեմ կարծում, որ բանը հասնի ռազմական բախումների, քանի որ Ադրբեջանը գիտակցում է, որ եթե անգամ ունենա որոշ պետությունների ռազմական օժանդակությունը, չի կարող Իրանի հետ այդքան հեշտ պատերազմել՝ հաշվի առնելով իր ռեսուրսները։ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա խնդիրներ ստեղծել Իրանի համար։ Բայց, մյուս կողմից, Ադրբեջանը կարծես գործիք է դառնում ավելի մեծ ուժերի համար՝ մասնավորապես Թուրքիայի և Իսրայելի, Իրանի վրա որոշակի ճնշում գործադրելու համատեքստում։ Կարծում եմ՝ նման հռետորաբանության շարունակության դեպքում նաև Իրանն ավելի լուրջ քայլերի կարող է գնալ, բայց խոսել, թե Իրանին հնարավոր կլինի ներքաշել պատերազմի մեջ, ինչ-որ ուկրաինական սցենարներ կիրառել Իրանի նկատմամբ՝ բավականին դժվար է։ Ադրբեջանի հռետորաբանության ուժգնացման հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել նաև Իրանի ներքին խնդիրները, ցույցերը, քանի որ Բաքուն մտածում է նաև այդ հանգամանքն օգտագործել և ազդել Իրանի հյուսիսային թյուրքալեզու բնակչության վրա։

-ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Իրանի կողմից սպառնալիքի դեպքում։ ՀՀ վարչապետը կարևորություն չտվեց այս հայտարարությանը։ Ձեր կարծիքով՝ Վաշինգտոնից հնչող նման ձևակերպումները մտահոգի՞չ են, թե՞ ոչ։

-Իրականում Իրանը ԱՄՆ-ի հետ հակասությունների ֆոնին է նման բան հայտարարում՝ առավելագույն ճնշումներ գործադրելու նպատակով, այսինքն, Ադրբեջանին օժանդակելու համար, եթե շարունակվի նման հռետորաբանությունը։ Իսկ Իրանի հռետորաբանությունը կապված է Ադրբեջանի կողմից կարմիր գծերի ոտնահարումների, ինչպես նաև մերձսահմանային սպառնալիքների հետ։ Իսկ Հայաստանի համար, բացի դժվարություններից, կարող է Իրանի հետ համագործակցության ոլորտ բացել։ Չեմ բացառում, որ այս լարվածությունը խորանա, և մենք կարողանանք ինչ-որ բաներ շահել՝ Իրանի քաղաքականությունից ելնելով։ Իսկ Հայաստանի համար դժվարությունների մասով պետք է ասում, որ տարածաշրջանում շատ են դրանք, բայց Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար դրական փուլ է մտել՝ հաշվի առնելով, որ Իրանը նույնպես լրջորեն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Հայկ Մագոյան